Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը և Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիտդը ԿԺԴՀ այցի ժամանակ կոչ են արել երկրի իշխանություններին Հյուսիսային Կորեայի բնակիչներին ապահովել համացանց մուտք ունենալու հնարավորությամբ,- հաղորդում է AP-ն:
«ԿԺԴՀ քաղաքացիները ավելի լավ կապրեն բջջային հեռախոսների և գործող համացանցի առկայության դեպքում: Այդ ուղերձը մենք հղել ենք Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներին, գիտնականներին ու կառավարության ներկայացուցիչներին»,- հայտարարել է Ռիչարդսոնը:
Նրա խոսքերով՝ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ի ղեկավարությանը հրաժարվել հրթիռային փորձարկումներից և մարդասիրաբար վերաբերվել հյուսիսկորեական բանտերում պահվող ամերիկացիներին:
Ռիչարդսոնի և Շմիտդի այցը ԿԺԴՀ կայացել է այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ առաջ ԿԺԴՀ-ն արբանյակ էր արձակել: «Մենք չենք համարում, թե այդ այցը հարմար ժամանակի է իրականացվել»,- անցած շաբաթ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:









































