Առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ միասնական ուժեղ թեկնածու ունենալ: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ դա անշուշտ, բարելավեց Սերժ Սարգսյանի դիրքերը, և դատելով այն հանգամանքից, որ Սարգսյանն ուժեղ մրցակից չունի, որոշ շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ այս ընտրություններում ընտրակաշառք չի բաժանվելու:
Իրականում, սակայն, իշխանությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Հասկանալի է, որ այս իրավիճակում, երբ քաղաքացին, ըստ էության, փոփոխությունների որևէ շանս չի տեսնում, առանց շահագրգռվածության իրեն նեղություն չի տա և չի գնա հասնի ընտրատեղամաս: Այնինչ, իշխանության համար խիստ կարևոր է մասնակցություն ցույց տալ: Իհարկե, գոյություն ունեն ուռճացված ընտրացուցակներ, որտեղ, ըստ տարբեր գնահատականների, գոյություն չունեցող (մահացած) կամ հանրապետությունից բացակայող քաղաքացիների թիվը հասնում է 700 հազարի, որոնց շնորհիվ էլ ռեժիմը միշտ նկարում է այն թվերը, որ իրեն անհրաժեշտ են: Բայց գոյություն ունի նաև արտաքին ֆոն ապահովելու խնդիր, միջազգային դիտորդների հարց կա, հեռուստաընկերություններով լեփլեցուն տեղամասեր նկարահանելու հարց և այլն: 2012-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, ըստ պաշտոնական թվերի, ընտրությունների մասնակցությունը եղել է 1 միլիոն 572.858 հազար: Այսինքն, առնվազն այսքան մասնակցություն իշխանությունը պետք է փորձի ցույց տալ: Իսկ քանի որ Հայաստանում նախագահական ընտրություններում ակտիվությունը սովորաբար շատ ավելի մեծ է լինում, թերևս հարկ լինի մասնակցության ավելի մեծ թվեր ապահովել: Օրինակ, 2008-ի նախագահական ընտրություններին, ըստ Կենտրոնական ընտրական, հանձնաժողովի թվերի, 1 մլն 671 հազ 27 քաղաքացի է մասնակցել: Այնպես որ, ամեն ինչ այս անգամ ևս մոտավորապես նույնն է լինելու, ինչպես եղել է նախորդ ընտրություններում: Ավելին, արդեն տեղեկություններ կան, որ դեռ 2012-ի դեկտեմբերին մի շարք կառույցների, մասնավորապես էլցանցերի, գազի գրասենյակների, համատիրությունների հրահանգ է իջեցվել, մոտավորապես հետևյալ բովանդակությամբ չկարծեք, թե ձեռքներդ ծալած նստելու եք, սկսեք նախապատրաստվել ընտրություններին: Ու արդեն հիմիկվանից, ըստ նույն աղբյուրների, սույն կառույցներում ուսումնասիրվում են քաղաքացիների պարտքերը, ճշտվում՝ ով է բացակայում երկրից և այլն: Այսինքն, այս ընտրություններում ևս մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով նրանց շահագրգռելու նույն մեխանիզմներն են գործի դրվելու:
Ըստ «ՀԺ» աղբյուրների, դեռ դեկտեմբերի վերջից որոշակի հրահանգներ են իջեցվել դպրոցների տնօրեններին ևս, որոնք արդեն կազմ-պատրաստ սպասում են ընտրություններին: Մի խոսքով, գործի են դրվելու նույն մեխանիզմները՝ փող, վարչական լծակ, կեղծ ընտրացուցակներ և այլն: Պարզապես, այս անգամ գործը համեմատաբար ավելի հեշտ է լինելու, ընտրակաշառքը, ըստ որոշ տեղեկությունների, ավելի փոքր, աղմուկը, ըստ էության, բացառվում է՝ հաշվի առնելով թեկնածուներին, ինչպես նաև կեղծիքների ավելի «դեմոկրատական» ու կատարելագործված մեխանիզմը:
Երեկ թերթի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ևս կարծիք հայտնեց, որ իր հաղթանակի համար իշխանությունը, որ ցանկություն ունի վերարտադրվելու, նույն մեթոդներն է կիրառելու: «Անցած խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը էլի խոսեցին, որ կեղծելու նոր, ավելի հմուտ ձևեր են գտել, այսինքն, բոլորը նկատեցին, որ իր համար հաղթանակ ապահովելու նպատակով իշխանությունները անում են այն, ինչ բոլորը գիտեն: Բնական է, որ այս անգամ էլ համապատասխան ձևերը պիտի օգտագործեն և, եթե ցանկանում են ամեն գնով իրենց համար հաղթանակ ապահովել, պարզ է, որ արդեն գլուխները աշխատում են: Հիմա ինչ կապ ունի՝ այս ձևով են անելու, թե այն ձևով են անելու, ինչպես են անելու: Եթե հասարակությունը ի վիճակի չէ ապահովել այնպիսի քաղաքական վիճակ, որ դա չստացվի, չկարողանան անել, արդեն ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում այն, թե ինչ ձևով են անելու»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Նա, ի դեպ, չի կարծում, որ այն գումարը, որ տրվում է ընտրողներին, դասական իմաստով կաշառք է. «Դա կաշառք չէ, դա ստվերային պայմանավորվածություններ են: Հասկանալի է, որ իշխանություններն ինչ-որ ձև կգտնեն վերարտադրվելու համար: Բայց պետք է մարդկանց մղել պայքարի և թույլ չտալ, որ դա կատարվի: Եթե դա թույլ ես տալիս, արդեն հետաքրքիր էլ չէ, թե ինչ ձևով մարդկանց մասնակցություն կապահովեն կամ ինչ ռեսուրսներ կկիրառեն»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա, 2012-ի խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ ցույց տվեցին, որ հասարակությունն անտարբեր է դարձել ընտրությունների հանդեպ և իշխանությունն ամեն ինչ անելու է, որ շարունակեն այդպես մնալ, քանի որ այդ կերպ իր գործը անհամեմատ հեշտանում է: «Հիմա ամեն ինչ կախված է, թե ինչպես են հաշվում՝ մասնակցության քանի տոկոս պետք է լինի: Նախապես կճշտեն, թե ով է գնալու քվեարկության, ով՝ ոչ և ըստ այդմ՝ համապատասխան միջոցներ կկիրառեն: Պետք է ձև գտնեն՝ մարդկանց պարտադրելու՝ գնալ քվեարկության, թե ոնց կանեն, դեռ կորոշեն, բայց դա նրանք ամեն անգամ անում են՝ հասկանալով, որ կատարում են քրեական հանցագործություն»,- ասաց քաղաքագետը:










































