Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում 48 ժամով երկարաձգեց նախագահի 8 թեկնածուների համար ընտրագրավ մուծելու ժամկետը: Նախագահի թեկնածուներ Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Ռուբեն Այվազյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Մհեր Հայրապետյանը և Արամ Հարությունյանը մինչ այժմ չէին մուծել նախագահի թեկնածու առաջադրվելու համար նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավը և, բնականաբար, ԿԸՀ չէին ներկայացրել այդ գումարը մուծելու մասին անդորրագիրը: Այսօր ԿԸՀ-ն որոշեց նրանց մինչև հունվարի 10-ը ժամը 14:00-ը լրացուցիչ ժամանակ հատկացնել: Մինչ ԿԸՀ-ի այդ նիստը` Ա. Հարությունյանն արդեն վճարել էր այդ գումարը, այսինքն` 7 թեկնածուներ դեռ պետք է վճարեն: Թեկնածուներից Մ. Հայրապետյանը, հիշեցնենք, վճարել էր ընդամենը 1000 դրամ և այժմ դիմեց հանձնաժողովին` 50.000 դրամով իրեն ընտրություններին մասնակցելու թույլտվություն տալու խնդրանքով: ԿԸՀ-ն այդ դիմումը ընդունեց` քննության առնելու:
Իսկ ԿԸՀ-ի այսօրվա նիստում ներկա թեկնածուներից երկուսը՝ Պ. Սարգսյանն ու Ռ. Սիմոնյանը, սկսեցին վիճաբանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Նրանք հայտարարում էին, թե ՀՀ Սահմանադրությանը հակասում է Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը թեկնածուներից պահանջում է մուծել 8 մլն դրամ: Թեկնածուները, հղում անելով քաղաքացիական ու քաղաքական իրավունքի մասին միջազգային որոշ կոնվենցիաներին, հայտարարում էին, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի որպես թեկնածու մասնակցելու ընտրություններին: Պ. Սարգսյանը հայտարարեց, թե ընտրությունները «ղումար խաղալ» չէ, որ իրենից այդքան գրավ են ուզում: «Սոցիալական նսեմացում եմ համարում դա: Եթե կարող եք, ի պաշտոնե տեղեկատվություն տրամադրեք, թե հանրապետությունում քանի տոկոսն է ճանաչված աղքատ ազգաբնակչություն, որոնք պատրաստ են իրենց օրվա հացի համար վաճառել իրենց ձայնը, որ 5 տարի նորից տառապեն»,- հայտարարեց թեկնածուն:
Վերջինս բավականին երկար ելույթ ունեցավ և ցանկանում էր շարունակել, բայց Տ. Մուկուչյանը արգելեց նրան: Իսկ Ռ. Սիմոնյանը նույնիսկ հայտարարեց, թե ցանկացել է իր տունը գրավ դնելու միջոցով վարկ վերցնել` այդ ընտրագրավը վճարելու համար: Սակայն բանկերը վարկ չեն տվել՝ ասելով, թե պետք է պայմանագիր ներկայացնել այն մարմնից, որին պետք է մուծվի գրավը: Նա նաև հայտարարեց, թե դեկտեմբերի 29-ից նախագահը պետք է իր լիազորությունները վայր դներ, հետո միայն մասնակցեր ընտրություններին: Եվ երբ Ռ. Սիմոնյանը հայտարարեց, որ իշխանությունը բռնազավթված է, Տ. Մուկուչյանի նյարդերը տեղի տվեցին: Նրան չհաջողվեց լռեցնել այս թեկնածուին, ու ԿԸՀ-ն հետագա որոշումներն ընդունեց Ռ. Սարգսյանի ելույթի ներքո:
Տեղեկացնենք նաև, որ այսօրվա դրությամբ գրավ են մուծել նախագահի 8 թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:











































