Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան օրերս վրաց պատրիարք Իլյա 2-րդի՝ Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքին, համաձայն որի` ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան են Վրաստանի վաղեմի հողեր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում վրաց մամուլը հեղեղված է ԼՂ անկախությանը դեմ նյութերով, քանի որ իրենք ունեն Աբխազիայի և Օսիայի խնդիր և կորցրածը հետ բերելու առումով չեն կարող պաշտպանել Արցախի անկախությունը:
Ընդհանուր առմամբ, վրաց հասարակությունը, ըստ հուշարձանագետի, մտածում է այնպես, ինչպես արտահայտվել է Իլյա 2-րդ պատրիարքը:
Նա չբացառեց, որ Իլյա պատրիարքը ուղիղ տեքստով ասած լինի այն, ինչ հրապարակվեց:
Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, բազմաթիվ են այսպիսի դեպքերը, և իրավունք չունենք առանձնացնել նախորդ դեպքերից: Այստեղ, նրա խոսքով, պետք է նկատի ունենալ, որ սա քաղաքական կուրս է, կեղծիքի և ապատեղեկատվության քաղաքական գիծ, որն ընդունվել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնման առաջին օրերից: Նա հնարավոր երեք տարբերակ նշեց. առաջին՝ վրաց պատրիարքը, այնուամենայնիվ, ոչ պաշտոնական ձևով, ոչ հրապարակման համար ասել է՝ ենթադրելով, որ սա կմնա խոհանոցային նյութ: Իլյա 2-րդ պատրիարքը պետք է նկատի ունենար, որ եթե ինքը ներքին կարգով է ասել, ապա Բաքուն ունի ուռճացնելու շնորհք:
Երկրորդ տարբերակ՝ Իլյան ասել է, զղջացել` մտածելով, որ դա վատ կանդրադառնա, հետ է կանգնել ասածից:
Երրորդ տարբերակը, որը քաղաքագետը ամենահավանականն է համարում, հետևյալն է. շատ հնարավոր է՝ ընդհանրապես նման բան չի ասել կամ ասել է հեռավոր մի բան, բայց ադրբեջանական կողմը որոշել է դա ներկայացնել ձևախեղված` անհարմար կացության մեջ դնելով Վրաստանին և փչացնելով հայ-վրացական հարաբերությունները, որոնք առանց այն էլ փայլուն չեն:
Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ սա ադրբեջանական ապատեղեկատվական մեքենայի որդեգրած քաղաքականությունն է:
Իսկ թե ինչ քաղաքականություն պետք է որդեգրի հայկական կողմը, Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի, Օսեթիայի և Աբխազիայի միջև հավասարության նշանը դրել է Բաքուն, բայց մենք ոչինչ չենք արել, որ այս երկու խնդիրները վրացական հանրությունը ընկալի որպես իրարից տարբեր պրոբլեմներ. դրանք նույնը չեն:
Ա. Մանասյանը նկատեց, որ այս երկու տարբեր խնդիրները տարանջատելու փորձեր ո՛չ գիտական շրջանակներում են արվում, ո՛չ քաղաքական շրջանակներում, մինչդեռ նման մոտեցումը կնպաստեր վրացիների հետ այլ հարաբերություններ կառուցելուն:
Մենք հիմա, ըստ քաղաքագետի, պետք է բորբոքենք հակասությունը՝ պարզելու, թե ով է ստախոսը: Եվ եթե կաթողիկոսը միջամտի հարցին՝ միանգամայն այս կոնտեքստում պետք է լինի:









































