Սիրիայի հակամարտությունը հեռանկար չունի, այն չի կարող ունենալ ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող: Այս մասին արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը:
«Ես հակամարտող կողմերին կրկին կոչ եմ անում վայր դնել զենքերը և, ինչքան հնարավոր է շուտ, սկսել կառուցողական երկխոսություն՝ հակամարտությանը վերջ դնելու համար, որն իր շուրջը թողնում է միայն ավերածություն և խաղաղ բնակիչների տանջանք»,- նշել է Բենեդիկտոս 16-րդը:
Նա դիվանագետներին խնդրել է նաև «իրենց կառավարություններին համոզել, որ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնություն տրամադրել սիրիացի ժողովրդին»:
Հռոմի Պապն անդրադարձել է նաև մերձավորարևելյան այլ խնդիրների, այդ թվում՝ պաղեստինա-իսրայելական հարցին: Նա իր աջակցությունն է հայտնել նաև եգիպտացի ժողովրդին նոր պետական ինստիտուտներ ձևավորելու հարցում:
Բենեդիկտոս 16-րդը դատապարտել է նաև Նիգերիայում քրիստոնյաների բարբարոսական սպանությունը Սուրբ Ծնունդի լուսավոր տոնի ժամանակ:









































