Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդել քաղաքում շտապօգնության ծառայություն մատուցող ընկերությունը դատական հայց է ներկայացրել դաշնային կառավարության դեմ՝ նշելով, որ իր օպերատորները դաշնային կոռուպցիոն հետաքննության թիրախ են եղել: Այդ ընթացքում ընկերությունը Medicare բուժապահովագրական ծրագրի շրջանակում մի քանի միլիոնի սպասարկման դիմաց մերժում է ստացել էթնիկ պատկանելության պատճառով, ինչը սնանկության է հասցրել: Այս մասին ասվում է դատական հայցում՝ փոխանցում է Glendale News Press-ը:
Trans-Aid Inc.-ի տերերը հայտնում են, որ բուժապահովագրության խարդախ սխեմային առնչվող հետաքննության տակ են հայտնվել միայն այն պատճառով, որ հայ են: Նշենք, որ գործով ձերբակալվածների թվում հայեր կան:
Դատական հայցը ներկայացվել է մի քանի տարի առաջ, սակայն հայցվորները նոր մեղադրանքներ են ավելացրել առ այն, որ դաշնային կառավարությունը ոտնահարել է իրենց սահմանադրական իրավունքները:
2.5 մլն դոլարի ավելի քան 3700 հայտ, որոնք ներկայացվել են 2011-ին և 2012-ին, չեն վճարվել Medicare-ի կողմից: Ընկերությունը պնդում է, որ հետաքննությունն իրենց ավելի քան 12 մլն է արժեցել:








































