«Ընթացքում անընդհատ փող հավաքվում է, հո բոլորը ոչխա՞ր չեն: Մարդիկ հասկանում են, որ իրենց ծառայողին պետք է վճարեն: Ե՛վ ընտրագրավն է այդ ձևով հավաքվել, և՛քարոզարշավի գումարն է հավաքվում: Կան, իհարկե, ողորմելի սակավամիտներ, որոնց սովորեցրել են, թե իրենց պետք է փող տրվի, բայց մարդիկ էլ կան, որ հասկանում են` եթե ուզում են մի բան ձեռք բերել, պետք է վճարեն: Նրանք գիտեն, որ այդ բանը ես կարող եմ անել, դրա համար ինձ օգնում են՝ ոչ թե կոնկրետ ինձ են վճարում, այլ վճարում են իմ գաղափարների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարողանո՞ւմ է ժողովրդից հավաքել քարոզարշավի համար անհրաժեշտ գումարը:
«Փառք Աստծո, ինչքան էլ անցածի համեմատ` պակաս գումար է հավաքվում, մարդիկ, էլի, միջինը 3000 դրամ տալիս են:
Մի երկու գործարարներ էլ են օգնել, բայց հիմնականում հասարակ բնակիչներն են տալիս:
Ասեմ անկեղծ՝ հիմնականում տալիս են 1000-ական դրամ: Դե, մարդիկ գումար չունեն, բայց, ասենք, 3 հոգի տալիս է 1000-ական դրամ, մի հոգի էլ` 10.000, և երբ գումարում ես ու բաժանում 4-ի, ստացվում է միջինը 3000 դրամ:
Դե, ինչքան էլ լինի, միևնույն է` քիչ է, բայց ձեռքներս քարի տակ չի»,- իր խոսքը եզրափակեց Պ. Հայրիկյանը:







































