Իրանցի օրենսդիրները կոչ են արել ոստիկանության կողմից ձերբակալված ընդդիմադիր բլոգեր Սատար Բեհեշթիի մահվան հանգամանքների հատուկ հետաքննություն անցկացնել: Կիրակի օրը Իրանի՝ Ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը հաշվետվություն է հրապարակել, համաձայն որի՝ անհրաժեշտ է նոր հետաքննություն անցկացնել, քանի որ հիմք կա ենթադրելու, որ բլոգերը զոհվել է ոստիկանությունում հարցաքննության ժամանակ կտտանքների ենթարկվելիս: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Իրանի ոստիկանության կիբերանվտանգության համար պատասխանատու ծառայողները 35-ամյա բլոգերին ձերբակալել էին անցած տարվա հոկտեմբերի 30-ին՝ կառավարությանն ուղղված քննադատական հոդվածների հրապարակման համար: Մի քանի օր անց նրան բանտում մահացած էին գտել: Ընդդիմության խոսքով՝ Բեհեշթին գանգատվել է, որ իրեն կտտանքների են ենթարկել:
Իրանի կառավարությունը արդեն հետաքննություն անցկացրել է բլոգերի մահվան առնչությամբ:
Հանձնաժողովի հաշվետվության համաձայն՝ Բեհեշթիի գործում ոստիկանությունը խախտել է իրանական օրենսդրության և շարիաթի նորմերը: Օրենսդիրները կոչ են արել նախնական բանտարկության վայրերում տեսախցիկներ տեղադրել՝ կանխելու համար նման միջադեպերի կրկնությունը:
Ոստիկանության երեք աշխատակիցներ այս գործով շարունակում են կալանավորված մնալ:







































