Տևական գործընթացի վերջում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը անտարակույս փաստ չէ: Այս մասին AFP գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը՝ հավելելով, որ ջանքեր պետք է գործադրվեն երկու կողմերից էլ՝ և՛ Անկարայի, և՛ Բրյուսելի: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:
«Ոչ մի բան աշխարհում չի տրվում: Ոչինչ կյանքում չի տրվում»,- ասել է Թուրքիայի ԵՄ-ին անդամագրման ակտիվ կողմնակից Բիլդտը Իզմիրում ելույթի ժամանակ:
«Այն երկու կողմերի ջանքերն է պահանջում: Այն պահանջում է Թուրքիայում բարեփոխումների շարունակական գործընթաց և ԵՄ-ի հետ մշտական բաց հարաբերություններ»:
Թուրքիան եվրոպական բլոկում ինտեգրվելու պաշտոնական բանակցությունները սկսել են 2005 թվականին, սակայն հաջողությունը չի ժպտացել Կիպրոսի հետ վեճի և ԵՄ անդամ որոշ պետությունների կողմից դիմակայության պատճառով:
Բիլդտը հույս է հայտնել, որ Թուրքիա-ԵՄ բանակցություններն այս տարի նոր թափ կհավաքեն: «Կարծում են, որ այնտեղ դրական նշաններ կան, այնպես որ, մենք կաշխատենք դրանց վրա»,- ասել է նա:
Նիկոլա Սարկոզիի օրոք ֆրասիական կողմի դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը դրական չէր, քանի որ նախկին նախագահը վիճարկում էր, որ Թուրքիան Եվրոպայի մասն է: Մայիսին Ֆրանսիայի նախագահի լիազորությունները ստանձնել է սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, այնպես որ, Անկարան Փարիզից ակնկալիքներ ունի: Օլանդը հասկացրել է, որ ինքն ավելի բաց է ԵՄ-ում Թուրքիայի հավակնությունների հանդեպ:
Բիլդտը կարծում է , որ Թուրքիայի խնդիրների մի մասը գալիս է հին սահմանադրությունից, որը կազմել է խունտան 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: Բիլդտը հույս է հայտնել, որ պահանջներին համապատասխան սահմանադրական և դատական բարեփոխումների ուղղությամբ առաջընթաց կգրանցվի:
Բիլդտը հույս ունի, որ Թուրքիան կմիանա ԵՄ-ին, իսկ թե ե՞րբ՝ խնդրել է չհարցնել:












































