Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան առաջարկում է բանտերից ազատ արձակել ռազմական դիկտատուրայի ժամանակ հանցագործությունների մեջ մեղադրվող տարեց բանտարկյալներին: Նրա կարծիքով՝ նրանք պետք է շարունակեն պատիժը կրել տնային կալանքի տակ՝ հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի մամուլին:
Հաղորդվում է, որ իր նախագահական լիազորությունների ավարտից 4 ամիս առաջ Մուխիկան մտադիր է խորհրդարանի քննարկմանն ուղարկել նախաձեռնություն, որը նախատեսում է ազատ արձակել տարիքն առած բանտարկյալներին: «Ես չեմ ուզում, որ մեր բանտերում տարեցներ մնան, որոնք արդեն 75-80 տարեկան են»,- վերջերս հայտարարել է նա՝ նշելով, որ խոսքը ոչ միայն նախկին զինվորականների, այլև բոլոր տարեց բանտարկյալների մասին է:







































