« Ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ի իրավական հարցերով հանձնաժողովի նիստը, որի օրակարգում մի քանի հետաքրքիր նախաձեռնություններ էին ընդգրկված: Դրանցից հատուկ կցանկանամ առանձնացնել երկուսը՝ առաջինը խոսքը վերաբերում էր Եվրոպայում հասարակական կազմակերպությունների սահմանափակումներին և ինչպիսի մեխանիզմներ մշակվեն, որպեսզի լուծվեն այդ խնդիրները: Եվ երկրորդը՝ Ադրբեջանի նախագահության եզրափակումը կամ այդ շրջանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված ինչպիսի հետևություններ կարող ենք անել: Եվրոպայում արդեն բարձրաձայն և կոշտ կերպով քննադատության է արժանանում Ադրբեջանը՝ մարդու իրավունքների հետ կապված խայտառակ խնդիրներ ունենալու համար»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Նրա հաղորդմամաբ՝ Հայաստանը այս հարցերի շուրջ չի քննարկվում և քննարկման առարկա չի հանդիսանում. «Ճիշտ չէ և կոռեկտ չէ անգամ համեմատության եզր անցկացնելը: Ես չեմ կիսում այն գաղափարը, որ գիտեք, մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է և որևէ խնդիր չունենք, ամենևին ոչ: Բայց այն խնդիրները, որոնք մենք ունենք, բնորոշ են ոչ միայն մեզ, այլև Եվրոպայի խորհրդի անդամ շատ այլ երկրների համար»:









































