Հալեպում վիճակը խաղաղ է: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մարդիկ անհանգստության պատճառ չեն ունեցել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հալեպի Բերիո թեմի քահանա տեր Զարեհ Ձարգարյանը: Նա հավելեց, որ Նոր տարվա նախօրեին Հայաստանից ստացված դրամական օգնությունը սիրիահայերը կարողացան օգտագործել ամանորյա գնումներ կատարելու, բնակարանների համար ջեռուցման միջոցներ և վառելանյութ գնելու համար:
«Առաջնային խնդիրն այս օրերին վառելիքի և վառարանների պակասությունն էր, ինչն էլ շատ ընտանիքներ կարողացան ձեռք բերել ստացված օգնության միջոցով: Այս պահի դրությամբ վիճակը Հալեպում խաղաղ է, մարդիկ բնականոն կյանքով շարունակում են ապրել: Իսկ ահա շաբաթներ առաջ այստեղ սարսափելի բաներ էին տեղի ունենում: Ահաբեկիչները մարդկանց առևանգում էին և գումար պահանջում: Ընդ որում՝նշեմ, որ առևանգում էին գիտակցված՝մեծահարուստներին,պահանջելով 10,000-ից մինչև 100,000 դոլար փրկագին: Սպառնում էին սպանել, եթե ժամանակին գումարը չվճարեն: Բայց, բարեբախտաբար, զոհեր չունեցանք: Ուղղակի որոշ ժամանակ մարդիկ աշխատում էին տանից դուրս գալ՝նման բաներից խուսափելու համար: Այսօր վիճակն այստեղ կայուն է. անցանկալի միջադեպեր չեն գրանցվում:
Հալեպահայերն ապրում են հույսով և հավատով, որ պատերազմը շուտով կավարտվի և կկարողանան ապրել խաղաղ երկնքի տակ՝ առանց վախի զգացումի»,- մեզ փոխանցեց տեր Զարեհը:










































