Եվրախորհրդարանի ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը կարող է չաջակցել ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի վավերացումն արգելափակելու պատճառը կարող է լինել Վրաստանում քաղաքական հակառակորդների հետապնդումը:
Եվրոպայի խոշորագույն քաղաքական կազմակերպության անդամների խոսքով՝ իրենք մտադիր են աջակցել Ասոցացման համաձայնագրի վավերացմանը, բայց մինչ այդ Վրաստանի կառավարությունը պետք է զգուշություն ցուցաբերի և հրաժարվի ընտրողաբար արդարադատության կիրառումից:
Եվրախորհրդարանի անդամ Աննա Ֆոթիգայի խոսքով՝ «ԵՄ անդամ երկրները պետք է ազդեն Վրաստանի իշխանության վրա՝ վերջ տալու համար հակառակորդների քաղաքական հետապնդման ու ընտրողաբար արդարադատություն իրականացնելու փաստերին»:
Նման հայտարարություններ են արել կուսակցության այլ անդամներ ևս:
«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա քաղաքական կուսակցության նկատմամբ սկսված է ընտրողական իրավական հետապնդում: Դա անընդունելի է մեր գործընկերը հանդիսացող երկրի համար, և մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք ճնշում գործադրելու Վրաստանի կառավարության վրա՝ վերջ տալու համար այդ գործողություններին»,- ասել է Ֆոթիգան:











































