Իսրայելցի խորհրդարանականները երեքշաբթի ընդունել են օրենք, որը սահմանափակում է կառավարության՝ պաղեստինցի բանտարկյալների վաղաժամ ազատ արձակման իրավունքը: Այս մասին հայտնի է դառնում Կնեսետի կայքում հրապարակված նյութերից:
2013-2014թթ. Իսրայելը մոտ 80 բանտարկյալների ազատ արձակմամբ է վճարել խաղաղ բանակցությունների վերադառնալու պաղեստինյան իշխանությունների համաձայնության համար: 2011-ին ավելի քան 1000 պաղեստինցիներ են փոխանակվել իսրայելցի տանկիստ Գիլադ Շալիթի հետ, ում պատանդ էին պահում Գազայի հատվածի զինյալները:
Երրորդ ընթերցմամբ 35 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված օրենքը սահմանում է առանձնապես ծանր հանգամանքներում կատարված սպանության համար դատապարտվածների կատեգորիա: Նման բանտարկյալների ազատ արձակման հարցը կարող է քննարկվել 15-ամյա պատժի կրումից հետո միայն, իսկ ազատազրկման ժամկետը չի կարող կրճատվել 40 տարուց պակաս ժամանակի:
Օրենքը զրկում է կառավարությանն արտաքին քաղաքական կուրսի իրականացման շրջանակում կամ պետանվտանգության շահերից դրդված նման բանտարկյալների ազատ արձակման իրավունքից:
«Այսուհետ ահաբեկիչները կմահանան բանտում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Նաֆթալի Բենեթը, ում աջամետ «Հրեական տուն» կուսակցությունը հանդես է եկել որպես օրենքի նախաձեռնող:
Օրենքի հակառակորդները կարծում են, որ առանց պատանդների արձակման պատերազմն ավարտել հնարավոր չէ:










































