Ֆրանսիացի հայտնի դերասանուհի ու կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիդ Բարդոն մեկնաբանել է իր երեկվա հայտարարությունը, որում նա ցանկություն էր հայտնել հետևել դերասան Ժերար Դեպարդիեի օրինակին՝ մտադրվելով ռուսական քաղաքացիություն ստանալ: Այս մասին հայտնում է ТV5 Monde հեռուստաալիքը:
Ֆրանսիական մամուլի հետ հարցազրույցում դերասանուհին բացատրել է, որ ֆրանսիական իշխանությունները դադարել են պատասխանել իր՝ կենդանիների պաշտպանության վերաբերյալ խնդրանքին: «Ես խոսում եմ բացարձակապես լուրջ: Հերիք եղավ: Ես այլևս չեմ աջակցում այս երկրին: Սարկոզիի ժամանակներից, որը երբեք չի պահել իր խոստումը, ոչ ոք չի լսում իմ խնդրանքները: Ես կատաղում եմ սեփական անզորության գիտակցությունից: Ախր ես չեմ խնդրում ոչ մի գերբնական բան, այլ ընդամենը՝ խնդրում եմ օգնել պահպանել այդ դժբախտ կենդանիներին»,- հայտարարել է Բարդոն:
Խոսքը տուբերկուլյոզով հիվանդ 2 փղերի մասին է Լիոնի կրկեսից, որոնց մտադիր են քնեցնել՝ այցելուների առողջությանը սպառնացող վտանգի պատճառով:
Դերասանուհու հիմնադրամը դիմել է քաղաքի պրեֆեկտուրային՝ խնդրելով իրենց տալ հիվանդ փղերին բուժելու նպատակով, սակայն դեռ արձագանք չեն ստացել:
Բացատրելով, թե ինչու է ընտրել հատկապես Ռուսաստանը՝ որպես ապագա բնակության վայր, Բարդոն ասել է, որ դրա պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ տածած հարգանքն է. «Ես նրան շատ մարդկային անձնավորություն եմ համարում: Ամեն անգամ, երբ ես նրան դիմում եմ ինչ-որ խնդրանքով, նա, որպես կանոն, դրանք կատարում է: Նա շատ բան է արել կենդանիների պաշտպանության համար, քան մեր բոլոր նախագահները միասին վերցրած»:











































