Լիբանանյան «Հզբոլլահ» շիա շարժումը տարածաշրջանում չի կռվում սուննիների դեմ: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար Սեյիդ Հասան Նասրուլան:
«Մենք՝ շիաներս, ինչ էլ պատահի, չպետք է միջամտենք միջդավանական պայքարին: Մեր պայքարը սուննիների դեմ չէ, այլ ԱՄՆ-ի հեգեմոնիայի, իսրայելական նախագծի և թաքֆիրականների դեմ»,- Ռուեյս շրջանի «Ալ-Շուհադա» համալիրում հանրային ելույթի ժամանակ հայտարարել է Նասրուլան:
Նա ուշադրություն է հրավիրել, որ պատերազմը, որը վարում են ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») իսլամիստները, ուղղված է ոչ միայն շիաների դեմ, որ ԴԱԻՇ-ի իսլամիստները կռվում են քրդերի դեմ, որոնց մեծ մասը սուննի են և Իրաքում քրիստոնյաների գենոցիդ են իրականցնում: Նա հավելել է, որ «պատերազմը տարածաշրջանում քաղաքական հիմք ունի և ի սկզբանե միջդավանական չէ»:
Դիմելով Լիբանանի քրիստոնյաներին՝ Նասրուլան ասել է, որ «մենք (լիբանանցիները) բոլորս հարվածի տակ ենք, և յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի»:











































