«Կարևոր հանգամանք է շինարարության ընթացքի և տևողության վերաբերյալ ժամկետների պահպանումը, և որ տարիներ շարունակ երկարատև շինարարության օբյեկտները հասցվեն ավարտին: Կարևոր է, որ բոլոր շինարարությունները սկսվելուց առաջ անցնեն տեխնիկական հետազոտություն և տրվի նրանց գնահատական: Դրա հիմքում ընկած են կառավարության տարբեր որոշումներ: Եթե վերջին տարիների բյուջեն մենք ուսումնասիրենք, տարեկան միջինը 54 օբյեկտներից 18-ն են ավարտվել: Մենք նախատեսում ենք, որ ավարտվածության ցուցանիշը դառնա 60 տոկոս և ավելի: Սա արվում է նրա համար, որպեսզի շենքերի շինարարությունը չտևի ավելի քան երկու տարի, բացառիկ դեպքերում՝ երեք տարի»,- այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Քաղաքաշինության նախարարությանը 2015-ի բյուջեով հատկացված 7 միլիարդ 467 միլիոն դրամից վեց միլիարդ 410 միլիոն դրամը հատկացվելու է կրթական, մարզական, մշակութային օբյեկտներին, այս տարի նաև առողջապահական օբյեկտի՝ Վանաձորի խոշոր առողջապահական կենտրոնին: Ընդհանուր առմամբ ընդգրկված են 26 օբյեկտ, որից 22-ը շարունակական է, և կան 4 նոր օբյեկտներ:
2015-ին նախատեսվում է այս օբյեկտներից 16-ը ավարտին հասցնել:
«Մենք կողմնակից ենք քաղաքաշինության նախարարության վեկտորը փոխելուն, մենք ամեն անգամ չպետք է նստենք բյուջեի հաշվին, մտածենք՝ ինչ անենք, երբ ունենք երրորդ կարգի 300-ից ավելի վթարային շենք, 9-ը՝ չորրորդ կարգի վթարային շենք»,- հավելեց նախարարը:
Լուսանկարը` PAN Photo-ի











































