Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կարող է չմասնակցել իր երդմնակալության արարողությանը, եթե նրա առողջական վիճակը թույլ չտա անձամբ ներկա գտնվել՝ հաղորդել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել վենեսուելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Մադուրոն մանրամասնել է, որ ծայրահեղ դեպքում պարտադիր չէ, որ Չավեսը երդվի Սահմանադրության վրա՝ խորհրդարանի պատգամավորների առաջ: Նրան նախագահի պաշտոնում կարող է հաստատել նաև Վենեսուելայի Գերագույն դատարանը:
Մադուրոն կարդացել է Սահմանադրության համապատասխան կետերը, որոնք հաստատում են իր խոսքերի իրավացիությունը:
Հիշեցնենք. քաղցկեղով հիվանդ Ուգո Չավեսը վիրահատության է ենթարկվել, սակայն նրա առողջական վիճակը չի բարելավվում: Արևմտյան լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են հայտնվում նախագահի մահվան մասին, որոնք հանրապետության իշխանությունները հերքում են:








































