Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 1 միլիարդ 115 միլիոն դրամի պարտքեր էր թողել Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Պարտքի հիմնավոր լինելը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում, երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը Գյումրիի քաղաքապետարանին ներկայացնի եզրակացության նախագիծը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 25-26-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ստուգող հանձնաժողովն ավարտել է քաղաքապետարանի պարտքերի ուսումնասիրությունը, նախորդ տարիներին քաղաքապետարանի ֆինանսական շարժերը, որին հաջորդելու է նախարարության կողմից քաղաքապետարանին եզրակացության նախագծի ներկայացումը:
«Իրենց ուսումնասիրությունը ցույց կտա, թե 1 մլրդ 115 մլն դրամ պարտքից ֆինանսների նախարարությունը որն է համարում ողջամիտ ծախս և որը` ոչ: Ըստ այդմ, ինչ-որ առաջարկներ կներկայացվեն քաղաքապետարանին, որոնց համաձայն` քաղաքային իշխանությունը կհասկանա՝ պարտքի հետ ինչպես վարվել: Եթե պարզվի, որ 800 մլն դրամը հիմնավոր պարտք է, դա ընդունելի պարտք կհամարվի, իսկ մնացածը՝ չհիմնավորված: Ենթադրում եմ, որ քաղաքապետը չի վճարի այդ պարտքերը: Եթե դրանից հետո որևէ կողմ դժգոհ մնա, որ կողմերին պարտքերը չեն վճարվում, այդ դեպքում կանխատեսում եմ հետևյալ սցենարը. դատի կտա քաղաքապետարանին, որը կունենա ֆինանսների նախարարության ստուգող հանձնաժողովի եզրակացության նախագիծը և կհիմնավորի անհիմն ծախսը»,- պարզաբանեց Լևոն Բարսեղյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ին քաղաքապետարանում նիստի ժամանակ աշխատակազմի ֆինանսների բաժինը առաջարկեց 12 տոկոսով կրճատել այս տարվա համայնքային բյուջեն: Առաջարկն ընդունվեց:







































