Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ զրույցում հայտարարել է, որ երկրից հեռանալու իր գլխավոր պատճառը ոչ թե բարձր հարկերն են, այլ «սարսափելի» լրատվամիջոցները: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը` վկայակոչելով Դեպարդիեի մոտ ընկերոջը՝ պրոդյուսեր Առնո Ֆրիլիին:
Ֆրիլիի խոսքերով՝ ընդհանուր առմամբ զրույցը կրել է հանգիստ բնույթ: «Դեպարդիեն նախագահին ակնարկել է, որ ժամանակակից ֆրանսիական ԶԼՄ-ները իր մոտ նողկանք են առաջացնում, իսկ լրագրողները մի փոքր պետք է նահանջեն»,- ասել է Ֆրիլին՝ հավելելով, որ Դեպարդիեի «սիրտը խառնում է», երբ լրագրողները հարձակում են գործում հաջողակ և նախաձեռնող մարդկանց վրա:
Ռուսական ԶԼՄ-ներին ուղղված իր նամակում Դեպարդիեն արդեն խոսել էր ԶԼՄ-ների հետ իր հարաբերությունների մասին: «Ես լավ եմ վերաբերվում մամուլին, բայց միաժամանակ այն տխրություն է առաջացնում, քանի որ դրանում, որպես կանոն, ներկայացված է միայն մեկ գաղափար»,- ասվում էր փաստաթղթում:
Նշենք, որ նամակով դերասանը պաշտոնապես հաստատել էր, որ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Դեպարդիեն դրանում նաև ակնարկել էր, որ չի պատրաստվում ապրել այնպիսի մեծ քաղաքում, ինչպիսին Մոսկվան է: Դեպարդիեն նաև որոշ մանրամասներ էր բերել Օլանդի հետ իր զրույցից:
«Նա գիտի, որ ես շատ եմ սիրում ձեր նախագահ Վլադիմիր Պուտինին, և դա փոխադարձ է»,- գրել էր դերասանը՝ հավելելով, որ Ռուսաստանը «մեծ ժողովրդավարության երկիր է»:
Հիշեցնենք. 2012թ. դեկտեմբերի սկզբին Դեպարդիեն Ֆրանսիայից տեղափոխվել էր Բելգիա: Հաղորդվում էր, որ 75-ամյա դերասանը նման կերպ խուսափում է շքեղության հարկից:
Հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Դեպարդիեին երկրի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ:







































