Նախօրեին Մինսկի դատարանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատության համար» շարժման 20-ամյա ակտիվիստ Նիկիտա Լիխովիդին: Նա մեղավոր է ճանաչվել 2010թ.-ի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած բախումներին մասնակցելու համար:
Այս գործը ութերորդն է դեկտեմբերի 19-ի բախումների համար դատապարտվածների շարքում: Այս գործով ամենահայտնի դատավարություններից է օտարերկրացիներ` Ռուսաստանի քաղաքացիներ Արտյոմ Բրեուսի և Իվան Գապոնովի դատավարությունը, երբ մի քանի ամիս բանտարկությունից հետո նրանց ազատ արձակեցին` նշանակելով տուգանք:
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ի երեկոյան բելառուսական ընդդիմությունն անցկացրել էր չարտոնված հանրահավաք` բողոքելով ընտրությունների արդյունքների դեմ: Այն ավարտվել էր բախումներով և մի քանի հարյուր ակտիվիստների ձերբակալությամբ, այդ թվում` ընդդիմադիր թեկնածուների:
Այս գործով ընդհանուր առմամբ 40 մեղադրյալ և 10 կասկածյալ են անցնում, մեղադրյալների թվում են Բելառուսի նախագահի 6 թեկնածուներ:









































