Ածխաթթու գազի, մեթանի և ազոտի օքսիդի խտությունը Երկրի մթնոլորտում ամբողջ պատմության մեջ հասել է առավելագույն մակարդակի՝ ասվում է Կլիմայի փոփոխությունների հարցերով միջկառավարական փորձագետների խմբի (IPCC) զեկույցում: Այս մասին գրում է France Presse-ը:
«Մարդու ազդեցությունը կլիմայական համակարգի վրա ակնհայտ է, մարդկային գործունեության հետևանքով ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս ցուցանիշները պատմության մեջ ամենաբարձրն են: Կլիմայական վերջին փոփոխությունները զգալիորեն ազդում են բնական համակարգերի վրա: Կլիմայի տաքացումը անվիճելի է»,- պարբերականը մեջբերում է IPCC-ի զեկույցը:
Փորձագետները նախազգուշացնում են, որ եթե ապագայում անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվեն՝ կրճատելու ածխաթթու գազի արտանետումները, ապա, ըստ ամենայնի, տաքացումը կշարունակվի, իսկ 21-րդ դարի վերջին կարող է առաջացնել «լուրջ և անդառնալի հետևանքներ»:
Զեկույցում նշվում է, որ 1880-2010թթ. երկրի մակերևույթի ջերմաստիճանը բարձրացել է 0.85 աստիճանով: Ծովի միջին մակարդակը 1901-2010թթ. բարձրացել է 19 սմ-ով:








































