Այս տարի կառավարությունների պատմության մեջ առաջին անգամ գումար կտրամադրվի ՀՀ-ում միգրացիոն հետազոտություն կատարելու համար: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մինչև աշուն ուսումնասիրությունը կավարտվի, և արդյունքների ամփոփումից հետո դրանք կներկայացվեն հանրությանը:
Գ. Եգանյանը հայտնեց, որ ներկայում բանակցում են տարբեր մարմինների հետ, որպեսզի, բացի բյուջետային ֆինանսավորումից, նաև այլ աղբյուրներից ֆինանսավորում ստանան:
«Այս տարվա առաջընթացի համար լավ նախադրյալներ կան, դրանք կյանքի կկոչվեն, և բնակչությունը կյանքի որակական փոփոխություն կզգա, ինչն էլ կանդրադառնա միգրացիայի վրա: Այսպիսով` իրավիճակը կշտկվի, և ավելի դրական միտումներ կարձանագրենք»,- ասաց Գ. Եգանյանը՝ հավելելով, որ Ամանորը նորի սկիզբ է, և մաղթեց` ինչպես Սուրբ ծնունդով մարդկության ճանապարհը լուսավորվեց, մենք էլ այդ լույսով ողողվենք ու փորձենք մեկս մյուսի համար աղոթել:








































