«Ազգային համաձայնություն»-ը կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը վաղուց էր կայացրել: Կուսակցությունը որևէ մեկից կախված չէ և որոշումը կայացրել է ինքնուրույն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ խոսելով գալիք նախագահական ընտրությունների և իր ակնկալիքների մասին:
Նա նշեց, որ երբևէ որևէ քաղաքական ուժի նկուղում վարձով չի ապրել, եղել է ինքնուրույն և բոլոր որոշումները կայացրել է այդպես: Նրա խոսքով՝ իր ղեկավարած կուսակցությունը բոլոր ընտրություններին է ասելիք ունեցել, կուսակցության ծրագրերը մշտապես թարմացվել են, իսկ առաջադրման որոշումը վերջապես կայացվել է՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի ամայացումը:
«Մեր ծրագրերը կներկայացնենք ավելի ուշ, սակայն մի քանիսի մասին կխոսեմ: Առաջինը տնտեսական և քաղաքական իշխանության տարանջատումն է. դա մեր ծրագրում կար նույնիսկ 2007 թ.: Այլ կուսակցությունների կողմից սա հետագայում ընդհանուր քննարկման առարկա դարձավ:
Մենք առաջարկում ենք ընդունել օրենք ընդդիմության մասին: Օրենքը պետք է գծի այն սահմանը, որով ընդդիմությունը կհամարվի լեգիտիմ, ինչը կախված չի լինի օրվա իշխանությունից: Ունենք նաև ընտրական համակարգի հետ կապված մեր մոտեցումը: Գտնում ենք, որ կուսակցական համակարգը առանձնապես կայացած չէ, իսկ ցանկալի է, որ ընտրողները նույնիսկ նախագահական ընտրություններին ձայն տային ոչ թե մեկ կուսակցության, այլ ըստ իրենց նախապատվությունների և բալերով: Օրինակ՝ ամենանախապատվելիին տան 9 միավոր, իսկ ոչ նախապատվելիին՝ 0 միավոր: Դա համարում ենք ընտրական համակարգ` ըստ նախապատվությունների, և համոզված ենք, որ այդ կերպ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հարցը լուծվում է»,- որոշ ծրագրային դրույթներ ներկայացրեց Արամ Հարությունյանը:
Նա նկատեց, որ ներկայումս հայաստանյան քաղաքական կյանքի ընդդիմադիր դաշտում չկա այնպիսի վարկանիշով թեկնածու, ինչպիսին էր Ստեփան Դեմիրճյանը` 2003թ.-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը` 2008թ.-ին: ՀՀ նախագահի թեկնածուի դիտարկմամբ՝ ուստի ընտրողների ձայները պետք է բաշխվեն ըստ նրանց նախապատվությունների:
Ինչ վերաբերում է ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, Արամ Հարությունյանի կարծիքով` իշխանության վարկանիշն այնքան է ընկած, որ էապես փոքր է հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանը 50% ձայն ունենա նախագահական ընտրություններում:
«Հետևաբար կլինի երկրորդ փուլի անհրաժեշտություն, եթե իշխանությունները կեղծիքների չգնան: Բնակչության հիմնական մասը դժգոհ է իշխանությունից տարբեր պատճառներով, ուստի երկրորդ փուլում բոլորը կպաշտպանեն ընդդիմադիր թեկնածուին: Այս ընտրությունները տարբերվելու են, որովհետև հստակ հաղթող թեկնածու չի լինելու: Հետևաբար ձայները կբաժանվեն»,- կանխատեսեց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ իրեն մրցակից է համարում միայն իշխանության թեկնածուին:
Հարցին, թե ինչպես է ձեռք բերել ընտրագրավի համար անհրաժեշտ գումարը, պատասխանեց. «Եթե նորմալ երկիր լիներ, այն մարդուն, ով դիպլոմ է պաշտպանել Լոմոնոսովի համալսարանում, հետո ասպիրանտուրայում է սովորել և կայացած մարդ է, պետք էր հարցնել` ինչու այդ գումարը չունի: Սա նույն հարցն է, ինչ նկարիչների մրցույթին նկարչին հարցնեին, թե վրձնի գումարը որտեղից է ճարել»:










































