Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը 1in.am Sport-ի հետ զրույցում ասաց, որ 2012 թվականն անհաջող տարի էր իր համար, քանի որ տարվա կարևորագույն մարզական ստուգատեսում` Լոնդոնի Օլիմպիադայում, չկարողացավ հանդես այնպես, ինչպես կարող էր, սակայն 2013 թվականին փորձելու է բարելավել արդյունքներն ու վերականգնել խաթարված հեղինակությունը.
«2012-ն ինձ համար անհաջող տարի էր, որովհետև չկարողացա ցույց տալ հնարավորություններս: Նախապատրաստվել էի նորմալ, ամեն ինչ լավ էր ընթացել, բայց հետո ոչինչ չստացվեց: Մարզումների ընթացքում վիճակս բավականին լավ էր: Լավ արդյունքներ էի ցույց տալիս, նույնիսկ համաշխարհային ռեկորդների էի մոտենում: Դա արդեն ձեռքբերում էր, իսկ կորուստը մրցումների ժամանակ ելույթներս էին:
2013 թվականին փորձելու եմ վերականգնել հեղինակությունս: Փորձելու եմ կարգավորել ամեն ինչ և նորից ապացուցել, որ ես կարող եմ: Այժմ ավելի շատ հանգստանում եմ, լավ մարզավիճակում եմ, սակայն հիմա ֆիզիկական ծանրաբեռնվածություն չկա մարզումների ժամանակ:
Ամանորը սիրում եմ անցկացնել տանը, ծնողներիս հետ: Ամանորից հետո ցանկանում եմ մեկնել հանգստանալու: Սակայն հունվարի 3-ից մարզումներն են մեկնարկելու և հավանաբար չճեմ կարողանա մեկնել:
Նախապատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը, որն առաջին լուրջ մրցաշարն է լինելու եկող տարի: Հավանաբար քաշային կարգս կբարձրացնեմ, սակայն դեռ կոնկրետ չենք որոշել: 75 կիլոգրամ քաշային կարգում եմ հանդես գալու:
Մարզիկի համար միակ նվերը մրցումներում հաղթանակն է: 2013 թվականին բոլորին մաղթում եմ առողջություն, որն ամենակարևորն է, երջանկություն և բոլորին հաջողություն իրենց գործերում»:









































