«Լոնդոնի Օլիմպիադայում մեր մարզիկներից սպասելիքներն ավելի մեծ էին, սակայն չստացվեց: Անհաջողություններ լինում են, սա սպորտ է: Օլիմպիադայի մեկնարկից առաջ մեր բոլոր մարզիկների ցանկությունը մեդալ նվաճելն էր: Սակայն երբեք չպետք է հուսախաբ լինել: Հավատում եմ, որ Օլիմպիական չեմպիոններ ենք ունենալու: Սայլը տեղից շարժվելու է»,- 1in.am Sport-ի հետ զրույցում ասաց ծանրամարտի Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը:
«Բացի ներկայիս մարզիկներից կան պատանիներ, երիտասարդներ, որոնք ևս կարող են մեծ հաջողություններ գրանցել ապագայում:
2012 թվականին հաջողություններ ունեցանք: Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը նվաճեցին բրոնզե մեդալներ, շախմատիստները շախմատային Օլիմպիադայի չեմպիոններ դարձան: Սրանք իսկապես մեծ բարձունքներ են:
2012-ը կոնկրետ իմ և իմ ընտանիքս համար եղել է լավ տարի, կորուստներ չեն եղել: Ծանրամարտում բարձր նվաճումներ չեն եղել, բայց բազմաթիվ պատանիներ, երիտասարդներ ունենք, որոնք հաջողություններ են գրանցել:
Ցանկանում եմ, որ 2013 թվականին լինենք առողջ: Միանում եմ բոլոր շնորհավորանքներին: Նոր տարում սպասում եմ նոր հաջողությունների: Շնորհավոր Սուրբ ծնունդ և Նոր տարի»:








































