ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2015-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «տեղեկացրեց», որ 2015-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, արտահերթ ընտրությունների դեպքում որքան գումար է բյուջեից պահանջվում:
Տիգրան Մուկուչյանը հավելեց, որ ինքը տեղյակ չէ այդ մասին: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Տիգրան Մուկուչյանը դա ընդունի ի գիտություն:
«Երբ սահմանված կարգով կնշանակվի, այն ժամանակ ընտրական օրենսգրքի սահմանված կարգով կիրականացվեն ընտրություններ: Ինչ վերաբերում է եկող տարի արտահերթ ընտրությունների մասին, ցավոք պետք է տեղեկացնեմ, որ ո՛չ, տեղեկացված չեմ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Բոլոր իրադարձությունները վկայում են այն մասին, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, հետևաբար պահուստային ֆոնդից որքա՞ն գումար պետք է տրամադրվի: Նշված հարցին ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Բյուջեի նախագիծը կազմելիս օրենսդրությամբ սահմանված պահանջներն են հաշվի առնվում, որոնք տվյալ պահին իրավական հիմքի տեսանկյունից արդեն առկա են, իսկ դուք հարցնում եք հնարավոր ընտրությունների մասին: Եթե չկա իրավական ակտ, չկա իրավական հիմք, որ արտացոլվի բյուջեում: Իսկ եթե ընդհանրապես հետաքրքրում է համապետական ընտրությունների ծախսերը, ապա մենք երկու նախորդ ընտրությունների ժամանակ ներկայացրել ենք թվային տվյալներ: Նիստի ավարտից հետո աշխատակազմի ղեկավարի հետ մենք ձեզ կոպեկի ճշգրտությամբ կներկայացնենք՝ որքան գումար է ծախսվել նախորդ ընտրությունների ժամանակ՝ որպես տեղի ունեցած փաստ, իսկ ինչ վերաբերում է ենթադրությունների վրա կառուցվածին, ես ձեզ տեղեկատվություն տրամադրելու ի վիճակի չեմ»:









































