Գրավված տարածքներում ԴԱԻՇ-ը («Իրաքի և Շամի իսլամական պետություն») իր բանակի շարքերում երեխաների հավաքագրելու և պատրաստելու հեռուն գնացող հետևանքներով համակարգ է կազմակերպել: Այս մասին հայտնում է Foreign Policy պարբերականը:
Պատրաստությունը տարվում է հատուկ կրոնական և ռազմական ճամբարներում, որտեղ երեխաներին ծանոթացնում են ծայրահեղական համոզմունքներին և սովորեցնում ռազմական գործի հիմունքները:
Ըստ պարբերականի՝ ԴԱԻՇ-ը պատրաստվում է Արևմուտքի հետ երկարատև պատերազմի, ուստի երիտասարդ մարտիկների է պատրաստում, որոնք հաջորդ սերունդներում կշարունակեն պայքարը:
Foreign Policy-ի տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում փակվում են ուսումնական հաստատությունները, իսկ տղաները տարվում են խմբավորման ճամբարներ, որտեղ լուրջ և խիստ պատրաստվածություն են անցնում: Երեխաները հրապարակային մահապատիժների ժամանակ կանգնած են լինում առաջին շարքերում, երեխաներին օգտագործում են որպես դոնոր վիրավոր իսլամիստների համար, երեխաներին վճարում են, որ մատնեն ԴԱԻՇ-ի դեմ արտահայտվողներին: Պարբերականը գրում է, որ նրանց սովորեցնում են մահապարտ-ահաբեկիչ լինել: 6 տարեկանից սկսած երեխաներին սովորեցնում են ապագայում Իսլամական խալիֆայության մարտիկ լինել:








































