Վրաստանի նախագահն այսօր այցելել է ադրբեջանցի Մամեդովների ընտանիքին, որոնց վրա ավազակային հարձակում էր եղել։
Ընտանիքը բնակվում է Վրաստանի Գարդաբանի շրջանի Ջանդարի գյուղում։
Հանցագործները վերջերս հարձակվել են ընտանիքի անդամների վրա և, փող ու ոսկի պահանջելով, խոշտանգումների են ենթարկել։ Հափշտակել են 15 000 լարի (1 դոլարը 1,66 լարի է) և ոսկե զարդեր։
Այդ գործով հինգ կասկածյալ է ձերբակալվել։
Նախագահ Սաակաշվիլին ափսոսանք է հայտնել կատարվածի առթիվ։ Նա ասել է, որ վերջին համաներման հետևանքով երկրում քրեածին իրավիճակը կտրուկ սրվել է։
Նախագահի խոսքով՝ իր իշխանության օրոք` 2004-2012 թթ., այդ շրջանում կատարվել է ընդամենը 10 ավազակային հարձակում, իսկ նոր ուժերի իշխանության գալուց հետո՝ վերջին երկու ամսում, արդեն նման դեպքերը հասել են 13-ի։
Սաակաշվիլին խոստացել է, որ Քվեմո Քարթլիում, որտեղ ադրբեջանական կոմպակտ բնակչություն կա, կխստացնի տեղացիների պաշտպանությունը, իսկ ընտանիքի վնասները կհատուցվեն։







































