Հյուսթոն քաղաքի հիվանդանոցում մեկ ամսից ավելի մնացած ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագի առողջական վիճակը բարելավվել է: Շաբաթ օրը նրան վերակենդանացման բաժնից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ` լրագրողներին տեղեկացրել է նախկին նախագահի ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ Մակգրատը:
«Նախկին նախագահի ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աղոթել են նրա առողջության համար»,- ասել է նա:
88-ամյա Բուշ-Ավագը նոյեմբերի 23-ին բրոնխիտից բուժվելու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Այնուհետև նա մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել, որի պատճառով էլ տեղափոխվել է վերակենդանացման բաժին:
Սուրբ Ծննդյան տոնին հիվանդանոցում նրան այցելել են կինը՝ Բարբարան, որդին՝ Նիլը` կնոջ հետ, և թոռներից մեկը:





































