Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար անկուսակցական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի փաստաթղթերը:
Ա.Մելիքյանի հայտը ներկայացրել է նրա լիազոր ներկայացուցիչ Էլեոնորա Ասատրյանը:
Ավելի վաղ ինքնաառաջադրման միջոցով առաջադրվել էին անկուսակցականներ` Պավլիկ Սարգսյանը և Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Նախորդ երեք օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ, էպոսագետ, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Սերժ Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացած հինգը` ինքնաառաջադրման միջոցով:
Նշենք, որ մինչ այժմ առաջադրվել է ինն թեկնածու: