Ամանորը հայոց ծիսական համակարգում այն տոներից մեկն է, որը նշվում է մեծ ոգևորությամբ: Այն հնում անվանվել է տարբեր անուններով՝ Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ. «Հնում այս տոնին տնօրհնեք էին կատարում, մաքրում էին տունը հին իրերից, դեկտեմբերի 31-ի գիշերը պարտադիր պետք է բոլորի դռները բաց լինեին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանը:
Նրա մեկնաբանությամբ՝ մինչև տոնածառի մուտք գործելը, հայերը զարդարում էին ձիթենու ճյուղը, որն ամրացնում էին տարեհացի վրա: Ամանորի գիշերը տան տիկինները տարեհացի վրա մեղր էին քսում և տալիս տան անդամներին, որպեսզի տարին հաջողակ սկսվեր. «Ավանդույթ էր, որ փոքրերը առաջինը պետք է մեծերի ձեռքը համբուրեին և նրանց շնորհավորեին, որից հետո գնում էին գյուղի քահանային շնորհավորելու»:
Ասուլիսի մյուս բանախոս Տեր Թովմա քահանա Անդրեասյանն էլ հավելեց, որ հոգևոր տարվա սկիզբը հունվարի 6-ն է՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը. «Մարդիկ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 6-ը պաս էին պահում, թողություն խնդրում իրենց մեղքերի համար և Աստծուց խնդրում, որպեսզի տարին հաջողակ սկսվեր»:
Նրա խոսքով՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը այն տոնն է, երբ մարդ պետք է փորձի իր կյանքն ավելի քիչ մեղքերով ապրել:











































