Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, առաջիկայում բավական մեծ տհաճություններ են սպասվում սոցիալական ծառայությունների Երևանի տարածքային բաժինների պետերին: Ի դեպ, բոլոր ղեկավարների գերակշիռ մասը, զարմանալի զուգադիպությամբ, կանայք են և այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորյալը:
Եվ ահա, ըստ մեր աղբյուրների, պետական բյուջեի մսխման ու չարաշահումների արատավոր մեխանիզմները, որ բացահայտվել են Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության պետական ծառայությունում, հայտնաբերվել են նաև այստեղ` աղքատության նպաստի տրամադրման համակարգում:
Ընդ որում` այդ ստուգումներն իրականացվել են Սերժ Սարգսյանի ցուցումով, քանի որ նրան զարմացրել է փաստը, թե սոցիալական ծառայությունների բոլոր ղեկավարներն ինչպես կարող են ունենալ այդքան մեծ ունեցվածք` հսկայական գումարներ ու անշարժ գույք: Ու հիմա առկա փաստերը շուտով պետք է բարձրացվեն և քննարկվեն Սերժ Սարգսյանի մոտ: Չի բացառվում, որ առաջիկայում սոցիալական ծառայությունների Երևանի տարածքային բաժինների պետերը հերթով հրաժեշտ տան իրենց պաշտոններին:










































