«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ հայտարարություն տարածվեց, որ ՀԱԿ-ը որոշել է նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Հայ ազգային կոնգրեսն անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»,- մասնավորապես գրված է հայտարարության մեջ:
Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս հայտարարությունը կեղծ է, քանի որ ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից «Ժողովրդավարական հայրենիքը» համաձայն չէ դրա հետ, իսկ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդն» ընդհանրապես չի ստորագրել այդ որոշման տակ, մինչդեռ Կոնգրեսում, ըստ կանոնակարգի, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և որևէ մեկի ստորագրության բացակայության դեպքում որոշումն ընդունված չի համարվում: Անկախ ամեն ինչից, ուշագրավ և անտրամաբանական է ՀԱԿ տարածած հայտարարության բովանդակությունը, քանի որ, ինչպես հայտնի է, նախագահի թեկնածություն է առաջադրել նաև ՀԱԿ մաս կազմող «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը, ՀԱԿ տրամաբանությամբ, «ապօրինի ռեժիմի լեգիտիմացման» գործն է հանձնառել:
Երեկ Բագրատյանը չցանկացավ արձագանքել ՀԱԿ հայտարարությանը: «Իրենց գործն է, չեմ մեկնաբանում»,- գրեթե բոլոր լրատվամիջոցներին հայտնել էր նա:
Հիշեցնենք, որ դեռ նախօրեին էր ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ հրավիրել և քննարկման դրել ընտրություններում իր մասնակցության ձևաչափի հարցը: «Հրապարակ»-ը զրուցեց վերոնշյալ երկու կուսակցությունների ղեկավարների հետ:
Սոս Գիմիշյան, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»
– Մենք համաձայն չենք այդ որոշման հետ, գործի բերումով ես Վրաստանում եմ եղել, չեմ մասնակցել այդ նիստին, մեր կուսակցությունից ոչ մեկը չի մասնակցել, այլ կուսակցություններ էլ կան, որոնք չեն մասնակցել կամ մասնակցել են և համաձայն չեն: Այնպես որ, դա Կոնգրեսի անունից կայացված որոշում չի կարող լինել: Մեր դիրքորոշումը մենք պաշտոնապես կհայտնենք:
– Իսկ համաձա՞յն եք հետևյալ ձևակերպմանը՝ «որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»:
– Դա անհեթեթություն է, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, և մենք պաշտպանեինք, մենք դրանով կլեգիտիմացնեի՞նք: Իսկ իրենք, որ պառլամենտում այսօր շարունակում են աշխատել և համարում են, որ ընտրությունները կեղծվել են, չե՞ն լեգիտիմացնում խորհրդարանը: Դե ուրեմն սուսուփուս թող նստեն, անձնական խնդիրները լուծած մարդիկ թոդ չվնգան, կոպիտ ասած՝ թող չբարբաջեն: Իրենք իրենց անձնական խնդիրների հաշվին լեգիտիմացրել են պառլամենտը, ուրեմն թող չփորձեն ուրիշներին մեղադրել այլ հարցերում:
– Որքանո՞վ է արդյունավետ Կոնգրեսի դիրքորոշումը՝ բոյկոտը, թե ՀԱԿ–ի, թե առհասարակ հասարակության համար:
– Ես հարցրել եմ՝ ի՞նչ է տալիս դա մեր երկրին, ժողովրդին, Կոնգրեսին: Գոնե մեկին ասեք, որ դա դրական բան է տալիս՝ հասկանամ, որ ընդունեմ: Ոչ երկրին, ոչ ժողովրդին, ոչ էլ առավել ևս Կոնգրեսին դա ոչինչ չի տալիս, Կոնգրեսը ծիծաղի առարկա է դառնում, որովհետև այնտեղ այնքան հակասություններ կան, ի վերջո 2008-ի կեղծված նախագահական ընտրությունները, Մարտի 1-ի հանգամանքը այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկայի՞ն, մոռացե՞լ էին, բա ինչո՞ւ էին մասնակցում այդ ընտրություններին, ինչո՞ւ էին մանդատ վերցնում, անձնական շահերից ելնելով՝ այդ մարդիկ առաջնորդվում են ամբողջ կյանքում և հիմա փորձում են ընդհանուր, հասարակության շահերից խոսել: Չկա այդպիսի շահ, ոչ ոք ինձ դեռ չի բացատրել, թե որն է երկրի, ժողովրդի կամ նույն ՀԱԿ-ի շահը:
– Այսինքն՝ Դուք հավանակա՞ն եք համարում, որ ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների մի մասը կհայտարարի Հրանտ Բագրատյանին սատարելու մասին:
– Իհարկե հնարավոր է, ես ինչո՞ւ պիտի դեմ լինեմ Բագրատյանի առաջադրմանը: Իմ գործընկերն է և որոշել է առաջադրվել, առավել ևս՝ բավականին նորմալ վերաբերմունք ունեմ, ինչը չեմ կարող ասել բոլորի վերաբերյալ: Եթե ՀԱԿ-ից այլ թեկնածուներ լինեին, հնարավոր է ոմանց պաշտպանեի, ոմանց դեմ լինեի՝ ելնելով իրենց կեցվածքից և գործելակերպից: Բայց կոնկրետ Բագրատյանի մասով առանձնակի դեմ հիմքեր չունեմ: Գուցե ինչ-որ մեկ հարց գոյություն ունի, որ ես այնքան էլ համաձայն չեմ իր դիրքորոշման հետ, բայց մի հարցով չի որոշվում, մյուս բոլոր հարցերում գործընկեր եմ եղել, ի վերջո, մենք 5 տարի աշխատել ենք միասին, ինչո՞ւ պիտի ես դեմ լինեմ:
– Ձեր կուսակցությունից բացի ՀԱԿ անդամ ո՞ր կուսակցությունը, ըստ Ձեզ, կկանգնի Բագրատյանի կողքին:
– Ես չեմ կարող այլ կուսակցությունների անունից խոսել, բայց մեր կուսակցության անունից դեռ Բագրատյանի առաջադրման ցանկություն հայտնելս եմ արտահայտել: Ես հանգիստ և նորմալ եմ վերաբերվում, ով որ հիվանդագին է վերաբերվում, դա իր պրոբլեմն է:
Պետրոս Մակեյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ
– Մենք համաձայն չենք այդ հայտարարության հետ, դա հակասում է նաև մեր կուսակցության դեկտեմբերի 25-ի քաղխորհրդի նիստում ընդունված որոշմանը, քանի որ մենք որոշել ենք, որ մասնակցության ձևաչափին և որևէ թեկնածուի սատարելու հարցին կանդրադառնանք հունվարի երկրորդ կեսին, քանի որ մտածում էինք, որ ՀԱԿ-ն այնուամենայնիվ թեկնածու կառաջադրի, և ընդհանրապես կհստակեցվի ով է առաջադրվում, ինչպիսի իրավիճակ է ստեղծվում: Մենք մնում ենք մեր որոշմանը և առնչություն չունենք ՀԱԿ-ի այդ որոշման հետ, ուղղակի ՀԱԿ այդ նիստին մասնակցել է կուսակցության փոխնախագահ Մեհրաբյանը, բայց նախնական քննարկումը գնացել է այն տոնայնությամբ, որ մեր քաղխորհրդի որոշմանը չի հակասել:
– Բայց ասացիք, որ Ձեզ փոխարինողը մասնակցել է:
– Այո, մեր կուսակցության ներկայացուցիչը, փաստորեն, համաձայնել է մի որոշման, որը մեր երկու օր առաջ ընդունված որոշմանը հակասում է, այդ առումով ՀԱԿ որոշումը չի կարելի պաշտոնական համարել:
– Իսկ Դուք համաձա՞յն եք հայտարարությունում տեղ գտած պատճառաբանություններին, և հատկապես «որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը» արտահայտությունը կարելի՞ էր զետեղել, երբ արդեն հայտնի է ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրման հանգամանքը:
– Կոնգրեսի հայտարարությունը ես չեմ մեկնաբանում, որովհետև ես կարող եմ ներկայացնել մեր կուսակցության որոշումը, որը կլինի հունվարի 15-ից հետո:
– Այդուամենայնիվ, Դուք է՞լ եք կարծում, որ առաջադրված թեկնածուները Սերժ Սարգսյանի լեգիտի մացման խնդիրն են լուծում:
– Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, նույն բանն իր դեպքո՞ւմ էին ասելու: Ախր, քաղաքականության մեջ նաև բարոյական նորմեր պետք է պահպանել, ինչքան էլ քաղաքական դաշտը ներքաշել են անբարոյական դաշտի մեջ:
– Հիմա Դուք չե՞ք բացառում, որ որևէ թեկնածուի սատարման որոշում կընդունեք:
– Մենք իրավունք չունենք կասեցնելու հայտարարությունը, որովհետև մեր ներկայացուցիչը համաձայնել է այդ մոտեցման հետ, որը մյուս կողմից հակասում է մեր քաղխորհրդի դիրքորոշման հետ: Դրա համար մենք և իրավական դաշտում ենք ճիշտ պահում, և բարոյական: Ընդհանրապես, Կոնգրեսի քաղխորհուրդն ինչո՞ւ էր հապշտապ այդ հարցը քննարկում, չէ՞ որ հայտնի չէր, թե ինչ զարգացումներ կգնային, թող կուսակցություններին հնարավորություն տային իրենց ներսում քննարկեին, ուղղակի անհասկանալի է, թե ինչու էր այդ հապշտապ որոշումը, և ինչու են ուրիշ կուսակցություններին փաստի առաջ կանգնեցնում:
– ՀԱԿ դիրքորոշումը, Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդյունավետ:
– Ես այսօր այդ հարցին չեմ կարող պատասխանել, մինչև խճանկարը չլինի:
– Հիմա Բագրատյանի թեկնածությունը սատարելը Ձեր կուսակցության կողմից փակվա՞ծ հարց եք համարում:
– Ես նորից եմ ասում, հասկանալի է՝ մեր կուսակցության փոխնախագահը մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա և համաձայնել է Կոնգրեսի անհասկանալի, հապճեպ որոշման հետ:
– Ձեզ հետ չի՞ զրուցել, չի՞ համաձայնեցրել:
– Ինձ հետ զրուցել է հեռախոսով, բայց արդեն նիստից հետո խոսակցություն եղել է մեր մեջ, բայց ես, իմանալով, որ որևէ միտում չի եղել, այդ հարցին… Ես գիտեմ, որ Գիմիշյան Սոսն էլ չի մասնակցել այդ նիստին:
– Իսկ Դուք ինչո՞ւ չէիք մասնակցում նիստին:
– Ես քաղաքից բացակայել եմ, երկրորդն էլ, գիտեք, ձևաչափը, որ ներկայացվեց՝ ՀԱԿ լիդերի չմասնակցելու, վիրավորական էր. նախ պետք է ներկայացվեր թիմին, հիմնավորվեր, թե ինչու չի մասնակցում, մինչև հիմա էլ վիրավորված եմ և դրա համար էլ չեմ մասնակցել, կարող էի մի օր էլ մնալ քաղաքում և մասնակցեի, բայց ես… գիտեք՝ թիմը, թիմի ղեկավարը և անդամները պետք է իրար նկատմամբ հարգալից լինեն:
Մեհրաբյան Ղուկաս, Պետրոս Մակեյանի տեղակալը
– Ինչո՞ւ որոշեցիք ստորագրել ՀԱԿ հայտարարության տակ, եթե այն հակասում էր ձեր քաղխորհրդի ընդունած որոշմանը:
– Ես խաբար չեմ ինչ են արել, այսօր (նկատի ունի նիստի հաջորդ օրը) պետք է այդ որոշումը տային, Հայ ազգային կոնգրեսի անունից ես մասնակցել եմ, բայց ասել եմ՝ՙ համաձայն եմ, տվյալ պարագայում դա երևի ամենաճիշտ որոշումն էր, այդքան բան:
– Բայց դուք այլ որոշում էիք ձեր քաղխորհրդում ընդունել:
– Գիտեք՝ այնտեղ ոչ մի թեկնածուի հարց չի քննարկվել, որ ես պաշտպանեի կամ չպաշտպանեի: Հա, մենք որոշել էինք հետաձգել, մինչև տեսնենք, թե ով է առաջադրվում, ով չի առաջադրվում, բայց բանից պարզվեց, որ ոչ մեկն էլ չի առաջադրվում ՀԱԿ-ից, հետևաբար, պաշտպանել-չպաշտպանելու խնդիր չկա այլևս:
– Իսկ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյա՞նը:
– Հրանտ Բագրատյանն ասել է՝ դնելու եմ, բայց դրել է, թե չի դրել, ես հլը չգիտեմ: Կդնի՝ կտեսնենք:
– Ինչպե՞ս եք տեսնելու, եթե արդեն համաձայնել եք ՀԱԿ որոշման հետ:
– Պաշտպանելը չգիտեմ, բայց որ Լևոնը չի առաջադրվելու, ոնց է կոչվում՝ բոյկոտ, դեմարշ, ես, տեսնելով իրավիճակը, դեմ չեմ եղել, որ ըտենց որոշում կայացվի, որովհետև նախագահական ընտրությունները լուրջ գործ են, և պետք է առնվազն մեկ տարի առաջ մտածել ինչ անել, ոնց անել, հանպատրաստից հարցեր լուծելը, իմ կարծիքով, ճիշտ չէ:
– Իսկ պարոն Մակեյանի հետ խոսե՞լ էիք, համաձայնեցրե՞լ էիք:
– Մակեյանը ստեղ չէր, ես էի լիազորված, ուղղակի չեմ առարկել, որովհետև գտել եմ, որ այդ որոշումը տվյալ պարագայում ամենաճիշտ որոշումն է ՀԱԿ-ի: Ներկաներն էլ գրեթե միաձայն կողմ էին այդ որոշմանը:









































