Ռուսաստանը սկսում է Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասերում նոր ռադիոտեղորոշիչ կայանների շինարարությունը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն:
«Նոր կայանները կկառուցվեն Ռուսաստանի ողջ սահմանագծով, այդ թվում` Ենիսեյսկում և Բառնաուլում»,- ասել է Օստապենկոն:
Փոխնախարարը նշել է, որ նոր կայանների կառուցման ուղղությամբ տարվել է նախապատրաստական մեծ աշխատանք: Այն ընթանում է գրաֆիկով, շեղումներ չկան:
ՌՏԿ-ները հրթիռային հարձակումը նախազգուշացնող համակարգի առանցքային տարրերն են: Ավելի վաղ դիվանագիտական հակասությունների պատճառով Ռուսաստանին և Ադրբեջանին չի հաջողվել պայմանավորվել Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետի երկարաձգման հարցի շուրջ, սակայն, ինչպես վստահեցրել են ՌԴ ՊՆ-ում, այն գոտին, որի համար պատասխանատու էր Գաբալան, արդեն վերահսկվում է Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) կայանի կողմից:
Խոսելով վերջինի մասին՝ Օստապենկոն հստակեցրել է, որ ներկայում այդ ՌՏԿ-ն գտնվում է փորձարկումների ավարտական փուլում:









































