«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Արթիկում ունեցած իր գազալցակայաններում թանկացրել է գազի գինը: Արթիկից խմբագրություն ահազանգած բնակիչն ասում էր, թե իրենց շրջանում գազալցակայանները հիմնականում պատկանում են Գ. Ծառուկյանին, ու երբ մարդիկ գազ լիցքավորելիս հարցնում են, թե ինչու են բարձրացրել գները, աշխատողներն ասում են՝ Ռուսաստանն արդեն թանկացրել է Հայաստան մատակարարող գազի գինը:
Մինչդեռ գազի գները դեռ փոփոխության չեն ենթարկվել, եւ ՀՀ իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում:
Փաստորեն, Գ. Ծառուկյանը որոշել է օգտվել այն հանգամանքից, որ ՌԴ-ի հետ գազի գնի բարձրացման հարց է քննարկվում, ու այդ մասին անընդհատ բարձրաձայնվող հրապարակումները հիմք դարձնելով՝ նախապես բարձրացրել է իր գազալցակայաններում վաճառվող գազի գինը:
Անցած երկու օրերին մենք փորձեցինք Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից մեկնաբանություն ստանալ, թե Արթիկում ինչու են բարձրացրել գազի գները, բայց նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Ի դեպ, գազալցակայանների բիզնեսը Հայաստանում բավականին ցավոտ հարց է դարձել թե° տնտեսության, թե° հարկային դաշտի համար: Դրանք կիսով չափ գործում են ստվերում, բացի այդ՝ չեն պահպանում այդ բիզնեսի համար սահմանված անվտանգության ու տեխնիկական կանոնները: Գ. Ծառուկյանը ողջ ՀՀ տարածքում ունի հսկայական գազալցակայանների ցանց:
Հայտնի է նաեւ, որ բացի լիցքավորվող գազի գնից, վարորդները լրացուցիչ 500-600 դրամ են տալիս: Դրանից բացի՝ այդ գազալցակայանները չեն տեղադրում «աշտարակ» կոչվող համակարգը, որը կանոնակարգում է լիցքավորվող գազի ճնշումը: Արդյունքում՝ գազալցակայանների սեփականատերերը նաեւ լիցքավորվող գազի ճնշման տատանման արդյունքում են հաճախորդներից գումարներ թալանում:








































