Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին դեկտեմբերի 26-ին ելույթ է ունեցել` նվիրված համազգային հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրությանը, և ընդդիմությանը երկխոսության կոչ արել:
Սա Մուրսիի առաջին հայտարարությունն էր նոր Սահմանադրությունը հաստատելուց հետո: Նախագահն ասել է, որ նոր Հիմնական օրենքի հաստատումը Եգիպտոսում նշանավորել է «Երկրորդ հանրապետության» սկիզբը: Առաջինը ձևավորվել է 1952-ին` եգիպտացի զինվորականների հեղաշրջման միջոցով:
Մուրսին հայտարարել է, որ Սահմանադրությունը մշակվել և հաստատվել է քաղաքացիների ճնշող մասի համաձայնությամբ: Նա նշել է, որ Սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է եգիպտացիների երկու երրորդը` հավելելով, որ հարգում է նաև դեմ քվեարկածների իրավունքները: Հիշեցնենք՝ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների մոտ 30%-ը:
Նախագահը հայտարարել է, որ Սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիների ազատությունն ու աշխատանքի, կրթության, առողջապահության իրավունքը:
Նա նաև խոստացել է նշանակալի ջանքեր գործադրել Եգիպտոսի տնտեսությունը արագորեն զարգացնելու ուղղությամբ` հայտնում է ВВС-ն:











































