Այսօր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը քննարկում էր կազմակերպել «Ազատ տնտեսական գոտիների» վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նշենք, որ նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ և այժմ քննարկվում է ԱԺ գլխադասային հանձնաժողովում: Տեղեկատվական ոլորտի փորձագետներն ու մասնագետները հիմնականում լուրջ վերապահումներ ունեին այս նախագծի վերաբերյալ` նշելով, որ այն պարզապես կարող է չգործել:
Մասնավորապես` ազատ տնտեսական գոտի համարվելու համար կոնկրետ ձեռնարկությունները այնպիսի պահանջների պետք է բավարարեն, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում: Օրինակ` ազատ տնտեսական գոտին պետք է առանձին մաքսային սահման ունենա, ընդ որում` պատերով կամ փշալարերով առանձնացված, աշխատակիցները ամեն անգամ մուտք ու ելքի ժամանակ պետք է մաքսային հսկողության ենթարկվեն և այլն:
«Ազատ տնտեսական գոտու կարևորագույն տարրերից մեկը ոչ միայն հարկային արտոնություններն են, այլև պարզեցված վարչարարությունը: Մարդիկ ինչու են գնում այդ գոտիներում աշխատելու, որովհետև պարզ է ամեն ինչ: Այս օրենքից ես այդ պարզության հոտը չեմ առնում»,- ասաց ոլորտի փորձագետ Գագիկ Գաբրիելյանը:
«Ավելին` Ավելացված արժեքի հարկի արտոնությունը այս գոտում շատ հնարավոր է չաշխատի: Որովհետև եթե մարդը մեր տեղական հումք պետք է գնի, այդ տեղական հումքը նրան պարզապես չեն վաճառի` ԱԱՀ-ի հետստացման վարչարարության հետ կապված: Ազատ գոտում աշխատողը ստիպված պետք է հումքը անձամբ դրսից ներմուծի»,- ասաց Գ.Գաբրիելյանը:









































