Դեկտեմբերի 25-ին Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը, Քեմբրիջի դքսուհու հարազատները ներկա են եղել Էնգլֆիլդ քաղաքի Սուրբ Մարկոսի եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան երկրպագությանը:
30-ամյա դքսուհին, որը սպասում է առաջին երեխային, երկար ալ կարմիր վերարկուով է եղել, ուսերին՝ վառ կարմիր շարֆ, ձեռքին՝ կարմիր կլատչ, մազերը՝ հավաքած:
Արքայազն Ուիլյամը կրել է էլեգանտ կոստյում և կարմիր փողկապ: Ուիլյամի փոքր եղբայր Հարրին Նոր տարին Աֆղանստանում է դիմավորելու: Ներկայումս 28-ամյա Հարրին ծառայում է Գիլմենդ նահանգում բրիտանական ռազմական բազայում:
Երեքշաբթի օրը Եղիսաբեթ II թագուհին Մեծ Բրիտանիայի ժողովրդին շնորհավորել է Նոր Տարվա կապակցությամբ: Նրա ուղերձը տեսագրվել էր 3D ձևաչափով:
«Ամանորը ժամանակ է, երբ բոլորս հավաքվում ենք: Բայց ոմանց համար ծառայությունը մնում է առաջին տեղում: Բոլոր այն զինվորները, փրկարարներն ու բժիշկները, որոնք իրենց պարտքը կատարում են հարազատներից ու ընկերներից հեռու, այս տոնական օրերին շատ կկարոտեն նրանց, ում սիրում են: Եվ բոլոր նրանք, ովքեր հարազատ և մտերիմ են կորցրել, կկարողանան սուզվել ամենահաճելի հիշողությունների մեջ: Ահա, թե ինչու է կարևոր տարվա այս ժամանակ մտածել ոչ միայն մտերիմների, այլև նրանց մասին, ովքեր միայնակ են»,- ասել է թագուհին, հայտնում է starbloid.com-ը:







































