Սիրիայի ռազմական ոստիկանության նախկին հրամանատար Աբդել Ազիզ Շալալը, ով անցել է ապստամբների կողմը, գտնվում է Թուրքիայի տարածքում։ Չորեքշաբթի օրն այս մասին հայտնել է անատոլիական տեղեկատվական գործակալությունը:
Երեքշաբթի օրը սիրիական ընդդիմությունը տեղեկացրել է, որ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող ապստամբներին է միացել ռազմական ոստիկանության հրամանատար գեներալ-մայոր Աբդել Ազիզ Շալալը:
Նա սիրիական բանակի ամենաբարձրաստիճան սպան է, ով անցել է ապստամբների կողմը:
Ավելի ուշ ինքը՝ Շալալը հաստատել է այդ տեղեկատվությունը: Նա բացատրել է, որ այդպիսի որոշում է ընդունել, քանի որ, իր կարծիքով, սիրիական բանակը պաշտպանելու փոխարեն ոչնչացնում է խաղաղ բնակչությանը:
Նրա խոսքերով՝ կառավարական զորքերը վերածվել են մի հանցախմբի, որոնք սպանում և վախեցնում են սիրիական ժողովրդին: Շալալն ավելացրել է, որ սիրիացի ժողովուրդը բողոքում է ազատության պահանջով, սակայն բանակը սկսել է զանգվածային կոտորածներ իրականացնել և ոչնչացնել քաղաքներն ու գյուղերը:
Նախկին հրամանատարի խոսքերով՝ շատ սպաներ կան, ովքեր ցանկանում են լքել կառավարական բանակը, սակայն ռեժիմի կողմից ուժեղ վերահսկողությունը նրանց թույլ չի տալիս դա անել, նրանք հարմար պահի են սպասում:









































