Ամերիկացի քաղաքական գործիչները չեն կարողանում դասեր քաղել պատմությունից, այդ իսկ պատճառով շարունակաբար ներգրավվում են պատերազմներում, որոնք անհնար է հաղթել, և որոնք ծայրաստիճան բացասաբար են ազդում ԱՄՆ անվտանգության վրա՝ Foreign Policy-ի իր հոդվածում գրում է միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գորդոն Ադամսը:
Փորձագետը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները թույլ են տալիս ներքին խնդիրներին և դիմակայություններին ազդել արտաքին քաղաքական որոշումների վրա և ոչ օբյեկտիվ գնահատել հակամարտությունների հնարավոր արդյունքները: Այսպիսով՝ ամենաարյունալի հակամարատություններից մեկի՝ Վիետնամական պատերազմի դասերը չեն սերտել ԱՄՆ իշխանությունները, և դրանք չեն խանգարել սկսել ռազմական գործողություններ Աֆղանստանում և Իրաքում, իսկ ավելի ուշ՝ միջամտել ողջ Մերձավոր արևելքի գործերին:
«Ե՞րբ կգիտակցենք, որ այլ երկրներում մարդկանց փոխարեն նրանց խնդիրները լուծելու փորձերը պարտվող ռազավարություն է և նույնիսկ ոչ ներդրում սեփական անվտանգությունում»,- գրում է հոդվածագիրը:
Ժամանակն է, որ ԱՄՆ իշխանությունները հասկանան, որ Մերձավոր Արևելքի հարցերի լուծումն իրենց ձեռքում չէ, կարծում է փորձագետը: Ամեն անգամ, երբ Ամերիկան միջամտում է տեղի ունեցող իրադարձություններին, դա խանգարում է թուրքերին, սիրիացիներին, հորդանանցներին, իրաքցիներին, եգիպտացիներին և այլ ազգերի՝ վեր հանել և լուծել տարաձայնությունները: Կողմերը դեռևս փորձում են ԱՄՆ-ին օգտագործել միմյանց դեմ պայքարում կամ դեմ հանդես գալ ԱՄՆ-ին՝ նշում է հոդվածագիրը:










































