Ամերիկյան Tracking Point ընկերությունը մշակել է Precision Guided կոմպյուտերացված դիպուկահար համալիր, որի հիմքում ինքնալիցքավորվող հրազենն է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը: Նոր զենքի վաճառքն արդեն սկսվել է:
Precision Guided-ը հասանելի է 5.56 և 7.62 մմ, նաև .300 Winchester Magnum (7,62×67 մմ) տրամաչափերով: Կոմպյուտերացված նշանառությամբ ինքնալիցքավորվող հրացաններն արժեն 7.5, 14.9 և 18.9 հազար դոլար համապատասխանաբար: Մինչև 2014թ. նոյեմբերի 30-ը այդ ամբողջ զենքը գնորդներին կմատակարարվի ShotGlass հատուկ ակնոցի հետ, որի միջոցով թիրախի պատկերն անլար ալիքով փոխանցվում է պրոյեկտորին իրական ժամանակի ռեժիմում՝ կրակողին հնարավորություն տալով կրակել թաքստոցից՝ առանց անմիջապես թիրախին նայելու անհրաժեշտության:
Զենքի կոմպյուտերացված նշանոցը հաշվի է առնում կրակողի ձեռքերի դողը, մինչև թիրախ եղած հեռավորությունը և նրա դիրքը: Համալիրի համակարգը հնարավորություն է տալիս մեծ արագությամբ նշել ու ոչնչացնել տարբեր օբյեկտներ, նաև կրակ բացել շարժվող թիրախների ուղղությամբ: Մասնավորապես, .300 Win Mag տրամաչափի Tracking Point-ը հնարավորություն է տալիս ոչնչացնել թիրախը մեծ ճշգրտությամբ՝ կրակելով մինչև 800 մ հեռավորությամբ և մինչև 32 կմ/ժ արագությամբ շարժվող թիրախի ուղղությամբ:
«Խելացի» համալիրի ևս մեկ առանձնահատկություն է զրոյական նիշի պահպանումը: Գնելուց հետո զենքը զրոյացման կարիք չունի, իսկ զրոյական նիշը (նշանառության և կրակոցի կետի համադրությունը) կատարվում է ավտոմատ կերպով՝ լազերային համակարգի շնորհիվ: Նշանոցի պատկերը հնարավոր է Wi-Fi-ի միջոցով փոխանցել iPad-ին կամ iPhone-ին, որոնց համար ստեղծվել է հատուկ հավելված:








































