ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանի անհապաղ արտաքսման վերաբերյալ: Դրա համար պատճառ են հանդիսացել CNN-ի իր հեռուստաաշոուի ընթացքում հրազենի գործածման կողմնակիցների հասցեին արված վիրավորական խոսքերը: Երկու օրում Սպիտակ տան կայքում 28 հազար ստորագրություն է հավաքվել: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Ամերիկացի իրավապաշտպանները զենքի ձեռքբերման և կիրառման իրավունքն ու երկրից բրիտանացի շոումենի արտաքսման պահանջով միջնորդագիրը զետեղել են Սպիտակ տան կայքում: Միջնորդագրի հեղինակների խոսքով՝ պատճառը ամերիկյան սահմանադրության հանդեպ անհարգալից վերաբերմունքն է, մասնավորապես՝ Երկրորդ ուղղման դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ սահմանադրության Երկրորդ ուղղումը, որն ուժի մեջ է մտել 1791 թվականին, արգելում է սահմանափակել զենք ունենալու և կրելու քաղաքացիների իրավունքները:
Դեպքը տեղի է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուկ» դպրոցում օրերս տեղի ունեցած հրաձգությունից հետո: Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով 26 մարդ էր զոհվել: Դեպքը վեճի նոր ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում հրազենի ցանկացած տեսակի հասանելիության առնչությամբ: Հաղորդավարն այդ առիթով հարցազրույց է վերցրել ԱՄՆ զենք ունեցողների ասոցացիայի գործադիր տնօրեն Լարի Պրատից: Երբ վերջինս հայտարարել է, որ ԱՄՆ-ին ավելի շատ զենք է անհրաժեշտ (այդպիսին է հրազենի կողմնակիցների ընդհանուր դիրքորոշումը), նրա և հաղորդավարի միջև վեճ է սկսվել: «Դուք անհավատալի հիմար մարդ եք, այնպես չէ՞: Դուք հասկանալի փաստարկներ չունեք: Հավանաբար, դուք թքած ունեք ԱՄՆ-ում սպանությունների մակարդակի վրա»,- ասել է հաղորդավարը:
Միջնորդագիրը Սպիտակ տան կայքում է հայտնվել վեճից ժամեր անց: Հեղինակը տեխասցի լրագրող է:
Մորգանն իր «հարձակումները» շարունակել է Twitter միկրոբլոգների ցանցում՝ Երկրորդ ուղղման մեկ այլ կողմնակից Ուեյն Լապիերին անվանելով վտանգավոր, հիմար մարդ:
CNN-ի և Սպիտակ տան ներկայացուցիչներն այս առնչությամբ մեկնաբանությամբ հանդես չեն եկել:







































