Եթե առաջիկա նախագահական ընտրություններում ընտրվեք, ո՞րը կլինի Ձեր ամենամեծ ցանկությունը 2013-ին՝ դա կառնչվի արտաքի՞ն, թե՞ ներքին քաղաքականությանը,- իրեն ուղղված հարցին Սերժ Սարգսյանն այսպես է պատասխանել. «Կասեմ մեկ բան. ես շատ եմ ցանկանում, որ 2013-ը շատ տարբերվի 2012-ից»:
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Բաղրամյան 26-ում լրագրողների ավանդական ընդունելությունն էր՝ Ամանորի առիթով, որը, որպես կանոն, տեղի էր ունենում հունվարի 29-ին: Ինչո՞ւ այսպիսի արագություն՝ «Հրապարակ»-ը հարցրեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին: Վերջինս ասաց, որ արագություն չկա, պարզապես իրենք առաջնորդվում են ըստ նախագահի զբաղվածության գրաֆիկի: Ինչպես երևում էր՝ գրաֆիկն իսկապես խիստ առաջանցիկ էր, որովհետև, ի տարբերություն նախորդ տարիների, երբ Սերժ Սարգսյանը դանդաղ անցնում էր սեղանից սեղան, շարքից շարք, տևական կանգնում լրագրողների մոտ, երեկ «նոն ստոպ» տարբերակով ու նանո-արագությամբ հինգ-տասը րոպեի ընթացքում հասցրեց խփել յուր բաժակը ներկա բոլոր լրագրողների բաժակին, փոքր-ինչ կանգնել տոնական եղևնու տակ ու հեռանալ: Ինչո՞ւ այդքան արագ,- հիմա էլ թերթը հարցրեց աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: «Արագ չէր, նորմալ էր, այսօր դեռ մանուկներին էլ պետք է հյուրընկալենք»:
«Ինքը չասաց, սակայն մենք գիտենք, որ «Ռենեսանսում» էլ «միջոցառում» ունեին՝ իշխանական կոալիցիան նշելու էր Ամանորը»,- հավելում է «Հրապարակ»-ը:









































