Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնակատարության բոլոր մասնակիցներին ողջունել և շնորհավորել է մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ. «Արդեն երկրորդ օրն է, որ բոլորս միասին ի սրտե նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի, մեր մեծ տան՝ Երևանի 2796-ամյակը: Ու հերթական անգամ համոզվում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն, իրոք, սիրում, գնահատում ու արժևորում է մեր հինավուրց, բայցև միշտ երիտասարդ քաղաքը:
Վստահ եմ, որ այդ սերն անկեղծ է ու նվիրական: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը միշտ տոնախմբության է վերածվում, քանզի յուրաքանչյուր երևանցի՝ մեծ թե փոքր, իր հոգատար վերաբերմունքով ու սրտացավությամբ, մշտապես մասնակից է մեր սիրելի քաղաքի շենացմանն ու ավելի գեղեցկացմանը, ուստի, այս օրերին միանգամայն արժանի է վայելելու, ուրախանալու ու հպարտությամբ նշելու մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:
«Էրեբունի-Երևանը» նաև աշխարհասփյուռ հայերի տոնն է, քանզի, որպես համայն հայության մայրաքաղաք, Երևանը նաև նրանցից յուրաքանչյուրի մեծ տունն է: Եկեք այսօր, մեր սիրելի քաղաքն աշխարհին ներկայացնելով «Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո, մեկ անգամ ևս փաստենք, որ արդեն ունեցած մեր ձեռքբերումներին զուգընթաց, մենք հաստատակամ ենք մեր մեծ տունը ավելի լավը դարձնելու հարցում: Սիրելի բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ։ Բազմապատկենք այսօր մեր սերը մեր քաղաքի նկատմամբ և այդ ջերմ սիրով առլեցուն ասենք՝ շնորհավո՛ր տոնդ, Երևան»:









































