«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվել է դեպի Հանրապետության հրապարակ:
Տոնական քայլերթի երթուղում՝ Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկում, շքերթի մասնակիցներին իրենց կատարումներով ողջունել են պարային խմբերը, որոնք նաև պարի են հրավիրել շքերթը գլխավորող պաշտոնյաներին ու Երևանի պատվավոր քաղաքացիներին: Շքերթի մասնակիցներին այնուհետ տոնական համարներով ողջունել են երևանյան կրկեսի արտիստներն ու մարզամշակութային համույթները: Ազգային տարազով գեղեցկադեմ աղջիկներն էլ շքերթի մասնակիցներին հյուրասիրել են Արարատյան դաշտավայրի բարիքներով:
Քայլերթի ամբողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքապետին, այդ թվում նաև տոնին համահունչ զարդարված պատշգամբներից տոնի անմիջական մասնակիցը դարձած բազմաթիվ երևանցիները:









































