«Էվերթոն»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի կարծիքով` «կարմիր սատանաներ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը տաղանդով չի զիջում իր խաղընկերոջը` Ուեյն Ռունիին:
Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում թիմի երկրպագուները 3 անգամ Յանուզային ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել: Նա ստացավ 11 համարը, որի ներքո երկար տարիների ընթացքում հանդես է եկել լեգենդար Ռայան Գիգզը:
«Ադնան Յանուզայը լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն է, ում հանդիպել եմ մարզչական գործունեությանս ընթացքում: Այդպիսին էր Ռունին, երբ հանդես էր գալիս «Էվերթոն»-ում: 19-ամյա Ադնանն օժտված է ամենով, ինչ այդ տարիքում ուներ Ռունին: Յանուզայը Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է: Նա կշարունակի կատարելագործվել և կդառնա լավագույններից մեկն աշխարհում»,- The Telegraph-ը մեջբերում է Մոյեսի խոսքերը:







































