Անցնող շաբաթասկզբին Երևան այցելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որի այցը, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, որքան էլ որ զարմանալի է, կրում էր նպատակային բնույթ և կապված էր վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ ս.թ. օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ:
Բորդյուժան նախ հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ, որը նշել էր, թե ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որ դրսևորվում է տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին, որից հետո եղել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակին ծանոթանալու նպատակով: Հետաքրքրական է, որ ՀԱՊԿ-ը հետաքրքրվում է իրավիճակով լարվածությունից բավական անց, երբ վստահ կարելի է ասել, որ Հայաստանի դիմում չի եղել այդ կազմակերպությանն օգնություն ստանալու նպատակով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Էքսպերտ» ամսագրի արտաքին քաղաքական հարցերով հատուկ թղթակից, վերլուծաբան Գևորգ Միրզայանը նշեց, որ ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել ղարաբաղա-ադրբեջանին սահմանին տեղի ունեցող միջադեպերին և ճիշտ էլ անում է, քանի որ, նրա խոսքով, դե յուրե դա Ադրբեջանի սահմանն է: Ինչ վերաբերում է, ըստ փորձագետի, հայ-ադրբեջանական սահմանին, այլ հարց է. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և ՀԱՊԿ-ն անհանգստացած է այս հարցով:
«Հիմա ՀԱՊԿ-ը ֆիքսում է սա, քանի որ օգոստոսյան լարվածության մակարդակը բարձր է եղել»,- նշեց նա՝ շարունակելով, որ ՀԱՊԿ-ը դիտարկում է Հայաստան-Ադրբեջան սահմանը որպես ՀԱՊԿ-Ադրբեջան սահման: Ռուսաստանցի վերլուծաբանը կտրականապես հերքեց այն կարծիքների հնարավորությունը, թե Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը նպատակ ունեն զորքեր մտցնել Ղարաբաղ, որի համար էլ աջակցում են Ադրբեջանի քաղաքականությանը: Գևորգ Միրզայանը նշեց, որ մինչ մի որևէ տեսակետ հայտնելն անհրաժեշտ է հաստատապես իմանալ, թե ինչի համար է դա անհրաժեշտ, ինչու է Ռուսաստանին անհրաժեշտ զորքեր մտցնել Ղարաբաղ:
«Ես հասկանում եմ, թե ինչու է Ռուսաստանը զորք մտցնում Ղրիմ, ես հասկանում եմ՝ ինչու են ամերիկացիները զորքեր մտցնում Կոսովո, նույնիսկ կարող եմ հասկանալ, թե ինչու են ամերիկացիները զորքեր մտցնում Իրաք, բայց ինչո՞ւ պետք է Ռուսաստանը զորք մտցնի Ղարաբաղ: Եթե մենք դա անենք, մենք կփչացնենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, մենք դե ֆակտո կճանաչենք Լեռնային Ղարաբաղը, մենք կփչացնենք հարաբերությունները Թուրքիայի հետ, մենք կսկսենք էլ ավելի մոտից առնչվել հակամարտության հետ, ինչը մեզ ամենևին անհրաժեշտ չէ, մենք կմտնենք էլ ավելի կտրուկ պատժամիջոցների տակ. իսկ դրական ի՞նչ կշահենք այսքանից հետո»,- ասաց Միրզայանը՝ հավելելով, որ ԼՂ-ում ազդեցության համար Ռուսաստանին անհրաժեշտ չէ զորք մտցնել այնտեղ: Նրա համոզմամբ՝ ՌԴ ազդեցությունը, ներկայությունը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում շեշտելու համար բավական է ռուսական ռազմաբազան, որը երաշխիքն է այն բանի, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա: Ավելին նա նաև ասաց, թե պարզապես չի նկատում Ռուսաստանի կողմից ցանկություն միացնել Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին, դա Ռուսաստանին որևէ տեսանկյունից ձեռնտու չէ:









































