Deutsche Bank-ի վերլուծաբանները գրել են մի սցենար, համաձայն որի բարձր տեխնոլոգիական սեկտորը կոչնչացնի ավանդական բանկերը: Ինտերնետ-ընկերությունները սկզբում նրանցից կխլեն վճարումների շուկան, իսկ այնուհետև՝ դեպոզիտներով վարկավորումները:
Նրանց խոսքերով՝ հեղափոխության համար մի քանի տարի հարկավոր կլինի: Ապագայում մարդկանց հարկավոր չի լինի ո՛չ կանխիկ գումար, ո՛չ պլաստիկ քարտեր. գնումները վճարելու համար հարկավոր կլինի միայն հեռախոսը: Deutsche Bank-ի վերլուծաբանները գրում են, որ սկսված տեխնոլոգիական հեղափոխությունը մարտահրավեր է նետում ավանդական բանկերին: Չնայած եկամուտների նվազմանը և ավելի կոշտ կարգավորումներին, դրանք պետք է հավաքեն իրենց բոլոր ուժերը և ներդրումներ կատարեն նոր տեխնոլոգիաներում: Այլապես նրանք չեն դիմանա Google Bank-ի և Apple Bank-ի հետ մրցակցությանը, որոնք վաղ թե ուշ կհայտնվեն և կզավթեն մանրածախ շուկայի մեծ մասը՝ վերջ դնելով հաշիվների, անդորրագրերի, փոխանցումների ավանդույթներին:
Ավանդական բանկերի համար անսպասելի մրցակիցներ են հայտնվում. Google, Apple, Amazon և PayPal, որոնք ստեղծում են շարժական վճարումներ իրականացնելու մոդելներ: Նրանց հաճախորդների թիվը բանկերի հաճախորդների թվից պակաս չէ:
Ընդ որում, ինչպես նշում են վերլուծաբանները, վարկատուների համար անթույլատրելի է կորցնել վճարումների շուկան. ճգնաժամից հետո այն նրանց համար ամենակարևորներից մեկն է դարձել:











































