Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Petkim նավթաքիմիական հոլդինգն այսօր հայտարարել է ադրբեջանական SOCAR Gaz Ticaret A.Ş. (SOCAR Gas Trading Co.) ընկերության հետ պայմանագիր ստորագրելու մասին: Այդ պայմանագրով նախատեսվում է 2013 թ. մատակարարել 455 միլիոն խորանարդ մետր գազ:
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2013 թ. հունվարի 1-ից: Petkim ընկերությունը հազար խորանարդ մետր գազը SOCAR Gaz Ticaret A.Ş.-ից գնելու է 380 դոլարով՝ 1 դոլարը թուրքական 1.9 լիրա փոխարժեքով: Նշվում է, որ 2012 թվականի նոյեմբերի սկզբին SOCAR Turkey Energy ընկերությունը թուրքական Çığ Enerji գազային ընկերության հետ ստեղծել է SOCAR Gaz Ticareti AŞ ընկերությունը՝ Թուրքիայի ներքին շուկայում գազի բաշխման համար:
SOCAR Turkey Energy-ի ղեկավար Քենան Յավուզն առավել վաղ հայտարարել է, որ իրենք 2013 թ. հունվարի 1-ից Ադրբեջանից սկսելու են ներկրել 1.2 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 400-500 միլիոն խորանարդ մետրը գործածվելու է Petkim համալիրում, իսկ մնացյալը՝ Թուրքիայի ներքին շուկայում:
2008 թ. մայիսին SOCAR-ը 2 միլիարդ դոլարով գնել էր Petkim հոլդինգի վերահսկիչ փաթեթը (51 տոկոս): Ներկայիս դրությամբ SOCAR Turkey Enerji-ին է պատկանում թուրքական նավթաքիմիական համալիրի բաժնետոմսերի 61.32 տոկոսը:









































